(Русский) ПАМЯТНИКИ СЕЛА АГАВНАТУН

(Русский) ПАМЯТНИКИ СЕЛА АГАВНАТУН

2015-10-09T16:36:19+00:00 21/08/2015|Armavir, Monuments of Armavir|

Գյուղը գտնվում է Շիրակի մարզում, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց` Ախուրյան գետի ձախ ափին: Նիկողայոս Մառն իր «Անի» աշխատության մեջ հիշատակել է այս բնակավայրի Էնիկեյ (Эникей) և Խարկով (Харьков) անվանումները: Մինչ գյուղի հիմնադրումը նրա տարածքում եղել են ամառանոցներ (յայլաներ) և միայն 1894 թ. Շիրակավան գյուղից այստեղ տեղափոխված բնակիչների կողմից հիմնադրվեց գյուղը, որին տրվեց է Ենիքեյ անվանումը, այսինքն` Նոր գյուղ: Իսկ 2006թ. Խարկով գյուղը վերանվանվել է Նորշեն: Շատերի մոտ այն կարծիքն է, թե գյուղի հին անունը վերցված է Ուկրաինայի Խարկով քաղաքի անունից: Մեր օրերում բնակիչների շրջանում առավել տիրապետող է այն տեսակետը, որ այն առաջացել է «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով: Խարկովի հարակից տարածքը հարուստ է քարհանքերով և մինչ օրս էլ այդ քարհանքները շահագործվում են: Միջնադարյան Անի մայրաքաղաքի համարյա բոլոր ճարտարապետական մեծարժեք հուշարձանները կառուցվել են տեղական բարձրորակ տուֆաքարից: Գյուղի տեղանքը լեռնային է, իսկ արևը` կիզիչ: Տարիների ընթացքում հանքերից արտահանած քարը կիզիչ արևի տակ, կարծես խարկվելով, ստանում է ավելի մուգ երանգավորում: Դրա ապացույցն է Անիի Մայր Տաճարի արդեն իսկ արևով խարկված քարերը:

Խարկովի «Նորամանուկ» եկեղեցին (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2) կառուցվել է XIX դարում: Ըստ նորշենցիների` եկեղեցին կառուցել է Մանուկ անունով հայորդին, որի ջանքերով Վանից խաչքարեր են տեղափոխվել Խարկով: Եկեղեցու մուտքի արևմտյան և արևելյան կողմերում XIII դ. պատկանող երկու գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.1), որոնք, ամենայն հավանականությամբ, Վանեցի Մանուկի բերած խաչքարերն են: Իսկ եկեղեցու մկրտարանում պահպանվել է XIII-XIV դդ. խաչքար (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.3): «Նորամանուկ» եկեղեցու դռան շեմին երևում է ևս մեկ քանդակազարդ խաչքար, որը, հավանաբար, ավելի հին է, քան մուտքի երկու կողմերի խաչքարերը: Եկեղեցու բակում գտնվում է վանահոր գերեզմանը, որը, ցավալիորեն, քանդվել ու կոտրվել է ոսկի որոնողների կողմից:

Նորշենը հարուստ է պատմամշակութային այլ հուշարձաններով ևս: Գյուղից հարավ-արևմուտք, Անի տանող ճանապարհից 500 մ հարավ, ինչպես նաև գյուղի հարավարևելյան և հյուսիսարևելյան կողմերում կան մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարանադաշտեր (պետ. ցուցիչ՝ 7.22.1.5): Գյուղից 300 մ դեպի հյուսիս-արևելք և հարավարևմտյան կողմերում կան IX-XVI դդ. և XVII-XX դդ. գյուղատեղիներ (պետ. ցուցիչ՝ 7.22.1.4), որոնց շրջակայքում, ինչպես նաև Ախուրյան գետի ձախ ափին` քարհանքի մոտ, պահպանվել են VII-XVII դդ. գերեզմանոցներ (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 1), որտեղ առկա են XIII-XIV դդ. խաչքարեր (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 1.1): Ախուրյան գետի ափին պահպանվել է XI-XII դդ. կամուրջի ձախափնյա խելը: Իսկ գյուղի հարավարևմտյան մասում` գերեզմանոցից հարավ, գտնվում է IX-XIV դդ. քարայր-կացարանների համալիրը (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 10):

Օգտագործված գրականություն.
1. Марр Н., Ани, Ленинград-Москва, 1934: