ԱՄՐՈՑ «ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» /«ԱԲԼԼՈՒ ԽԱՐԱԲԱ», «ԱՍԼԱՆ ՂԱՓԼԱՆ»

ԱՄՐՈՑ «ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» /«ԱԲԼԼՈՒ ԽԱՐԱԲԱ», «ԱՍԼԱՆ ՂԱՓԼԱՆ»

2016-08-08T16:13:23+00:00 August 8th, 2016|Լրահոս, Հուշարձաններ|

Գեղարքունիքի մարզ, գյուղ` Նորատուս, պետ. ցուցիչ` 4.71.2:

Նորատուս գյուղից արևմուտք` 2 կմ հեռավորության վրա է գտնվում Յոթ աղբյուր ամրոցը և հին գյուղատեղին /պետ. ցուցիչ` 4.71.2.2/: Ամրոցը կառուցվել է մ.թ.ա. I հզմ, իսկ գյուղատեղին թվագրվում է VII-XVII դարերով և գտնվում է ամրոցի հարավ-արևելյան կողմում: Աբլլու Խարաբա կամ Ասլան-Ղափլան անունները կապված են բնակատեղիի ավերակներից ոչ հեռու գտնվող առյուծի ու վագրի հիշեցնող քարե մահարձանի հետ:

Տարածքը մինչև վերջերս դիտվել է որպես միջնադարյան ավերակ գյուղ, բայց հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այս գյուղի տակ է գտնվել հնագույն ամրոց-շենը:

Սարահարթը, որտեղ կառուցված է միջնաբերդը, արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից դժվարամատչելի է, իսկ խիստ թեք լանջերը շրջապատից բարձր են 25-30 մ: Միջնաբերդի մուտքը ուղղված է դեպի հյուսիս, որտեղից ճանապարհը դուրս գալով թեքվում է արևմուտք, ապա դեպի հարավ: Միջնաբերդն ունեցել է երեք աշտարակ. երկուսը գտնվել է պարսպի արևելյան հատվածում, իսկ երրորդը` արևմտյան:

Միջնաբերդը շրջապատված է կացարաններով: Պահպանված հետքերից պարզ երևում են ծայրամասերի բնակարանների արտաքին պատերի միացումները, ինչի շնորհիվ բնակավայրը ձեռք է բերել ուրույն պարսպապատում: Ամրոցից հյուսիս և հյուսիս-արևելք է գտնվում մ.թ.ա. II հազարամյակի դամբարանադաշտը /պետ. ցուցիչ` 4.71.2.1/, իսկ հյուսիս-արևմտյան ստորոտին` Յոթաղբյուր եկեղեցին, որը կառուցվել է XIII-XIV դդ. /պետ. ցուցիչ` 4.71.2.3/:

Ամրոցից մոտ 300 մետր հեռավորության վրա է գտնվել IX-XVII դդ. գերեզմանոցը /պետ. ցուցիչ` 4.71.2.4/: Տապանաքարերը բազալտակերտ են, օրորոցաձև և սեղանաձև: Սեղանաձև տապանաքարերից մեկն արձանագիր է: Ավանդույթի համաձայն` ինչպես արձանագիր, այնպես էլ մյուս տապանաքարերը վերագրվում են ռազմի դաշտում զոհված Ասլան և Ղափլան եղբայրներին: Սակայն, ըստ արձանագրության` տապանաքարը պատկանում է մոնղոլական տիրակալ Սաադ ադ-դին բ. Սեյֆ ադ-դին էմիրին և թվագրված է 1305 թ.-ով:

:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Ս. Բարխուդարյան, «Դիվան հայ վիմագրության», Երևան, 1973թ.
2. Ս. Հակոբյան, «Գեղարքունիքի մարզ, պատմական հանրագիտարան», Երևան, 2010թ.
3. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: