ՊՈԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՊՈԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2019-05-16T15:43:03+00:00 March 15th, 2019|Գեղարքունիք, Լրահոս|

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են կազմակերպության գործառույթները, իրավասությունները ու մարզային ծառայության աշխատանքի ընթացքում ծագող հիմնական խնդիրները:

Ա. Թարվերդյանի խոսքով մարզում 4000-ից ավելի հուշարձան կա և շատ համայնքների ղեկավարներ իրակզեկված չեն ինչ է հուշարձանը, դրա պահպանական գոտին: Հաճախ հողհատկացումների ընթացքում խնդիրներ են առաջանում: Այդ հանգամանքն էլ նկատի ունենալով ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նախատեսում է առաջիկայում հանրապետության բոլոր համայնանքերի ղեկավարներին տրամադրել  օրենսդրական բազա ներառող խտասկավառակներ և մարզի հուշարձանների մասին պատմող ծալաթերթեր /բուկլետներ/:

Ա. Թավերդյանը Գեղարքունիքի մարզպետին խնդրել է անձնական վերահսկողության տակ պահել համայնքների ղեկավարների ու  հուշարձանների պահապանների գործակցությունը, քանի որ դրանից կշահի միայն հուշարձանը:

«Կարևորում եմ մշակութային արժեքների պահպանությունը և ողջունում ձեր աշխատանքը: Մարզը իսկապես հարուստ է մշակութային ժառանգությամբ: Կաշխատենք միասին և կանենք հնարավորը, որ համայնքների ղեկավարների հետ փոխգործակցված աշխատանքի արդյունքում հաջողություններ արձանագրենք», – իր խոսքում ասել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Առաջիկայում մարզխորհրդի նիստ կգումարվի, որին կմասնակցեն 57 համայքների ղեկավարներ: Մարզպետ Սանոսյանն առաջարկել է ներկա գտնվել նիստին ու խնդիրները քննարկել տեղում:

Գեղարքունիքի մարզպետը նաև նշել է, որ համապատասխան  շրջաբերականներ կուղարկվեն համայնքների ղեկավարներին:

Քննարկվել է նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հարցը:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային ծառայությունում:

«Ձեր առջև աշխատանքի նոր պահանջներ են դրվում: Օրենսդրությանը  եւ ձեր պահպանության տակ գտնվող հուշարձանների մասին տեղեկատվությանը տիրապետելը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Առաջիկայում մարզային ծառայությունը տեխնիկապես կվերազինվի և անօդաչու սարքի /դռոն/-ի միջոցով հնարավորություն կունենաք հուշարձանների վիճակն արձանագրել նաև վերևից», -մարզային ծառայությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը կոչ է արել հուշարձանների պահապաններին մշտական բացատրական աշխատանքներ իրականացնել հասարակության շրջանում՝ հնարավոր իրավախախտումներից խուսախելու համար: Նա անդրադարձել է նաև առանձին հուշարձանների, մասնավորապես՝ Լճաշենի ամրոց քաղաքատեղին արգելոց-թանգարան դարձնելու անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

Հուշարձանների պահպանության համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև համայնքների ղեկավարները: Այդ համատեքստում էլ խոսելով համայնքների ղեկավարների հետ գործակցության արդյունավետության մասին Ա. Թարվերդյանն ասել է. «ձեր իրավական գիտելիքները պետք է այնքան բարձր լինեն, որ գյուղապետը զգույշ լինի խոսելիս ու հարգանքով վերաբերվի ձեր աշխատանքին»:

Կազմակերպության ղեկավարը նաև տեղեկություն է փոխանցել մարզային ծառայության աշխատակիցներին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ ունեցած հանդիպումից: