ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2019-03-27T17:50:31+00:00 March 27th, 2019|Երեվան, Լրահոս|

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը աշխատանքային այց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվեդյանի և տնօրենի տեղակալներ՝ Կարեն Փահլևանյանի և Լիանա Գևորգյանի ուղեկցությամբ շրջել են ՊՈԱԿ-ի՝  անձնական, հնագիտության, մարդաբանության, կերպարվեստի, գործվածքի, ապակե սևանկարների, չափագրությունների և այլ  ֆոնդերում, ծանոթացել՝ փաստավավերագրական նյութերին, անվանի ճարտարապետների  հեղինակած չափագրություններին ու նախագծերին, եղել նաև՝ վերականգնման լաբորատորիայում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում է 306. 000-ից ավելի թանգարանային առարկա: Նախարարի տեղակալին ներկայացվել են դրանց պահպանության հետ կապված խնդիրները, աշխատանքային ու ֆոնդային պայմանները բարելավվելու անհրաժեշտությունը:

ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու ձորից հայտնաբերված մարմարե «Ցլի գլուխ:-ը: Տիգրան Գալստյանին ներկայացվել է նաև արգելոց-թանգարանում այն հետագայում ցուցադրելու առաջարկը:

Թանգարանային առարկաների պահպանությունը հատուկ ջերմա-խոնավային ռեժիմ է պահանջում: Նկատի ունենալով այդ հանգամանքը ՊՈԱԿ-ի տնօրինությունը 2018 թ. նկուղային  հարկի պահոցներում օդափոխության համակարգ է անցկացրել:

Մշակույթի փոխնախարար  Տիգրան Գալստյանին ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի հրատարակությունները՝ «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ», «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», Թորոս Թորամանյանի «Անիի Մայր Տաճարը» պրակները:

ՊՈԱԿ-ի ֆոնդերին ծանոթանալուց հետո Տիգրան Գալստյանը և  Արա Թարվերդյանը աշխատանքային մի շարք հարցեր են  քննարկել: