ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019-05-13T16:15:21+00:00 May 6th, 2019|Կոտայք, Լրահոս, Հուշարձաններ|

Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող խաչքարադաշտի տարածքում իրականացվող պարբերական հուղարկավորությունների թեմայի թմբկահարման վերաբերյալ, չնայած կիսելով մի շարք քաղաքացիների և անվանի մասնագետների մտահոգությունները, միաժամանակ հայտնում ենք, որ տպավորությունը, թե պատմական գերեզմանոցի տարածքում ամեն օր կամ պարբերաբար նոր հուղարկավորություններ են իրականացվում, չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես վերջին տարիներին ընդամենը արձանագրվել է անօրինական թաղման երկու դեպք, որոնցով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է իրավապահներին: Մնացած թաղումները  ու վերանորոգման կամ բարեկարգման աշխատանքները իրականացվել են գերեզմանոցի պատմական հատվածից դուրս կամ արդեն նախապես պատրաստված ընտանեկան գերեզմանոցում, որն արգելելու համար որևէ իրավական հիմք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը չունի, քանի որ, ըստ Առինջի խաչքարադաշտի 2011թ. հաստատված պահպանական գոտու նկարագրական-բնութագրական տեղեկանքի վերջին պարբերության, հուղարկավորություններ, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնելը չի արգելվում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որը իրականացնում է պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանությունը ոչ միայն չի անտեսում հուշարձանը, այլ նաև Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների պարբերական և լրացուցիչ շրջայցերի, ինչպես նաև օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցների մշտադիտարկումների միջոցով մշտական հսկողություն է սահմանում հուշարձանի նկատմամբ, ինչի արդյունքում էլ արձանագրվել են վերոհիշյալ իրավախախտումները և կանխվել հուղարկավորության մի քանի դեպք: Ի դեպ, հնարավոր վտանգները հաշվի առնելով` հուշարձանը ընդգրկվել է պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նաև բազմիցս դիմել լիազոր մարմիններին գերեզմանոցում հուղարկավորություններն առհասարակ արգելելու խնդրանքով:

Հուշարձանի տարածքում ներկայում առկա խաչքարերի թիվը լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից 2002թ. մայիսի 29-ի թիվ 628 որոշմամբ հաստատված ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Կոտայքի մարզի պետական ցուցակում հաշվառված խաչքարերի թվին:

Նշենք, որ խնդիրը կրում է համակարգային բնույթ և այն հնարավոր չէ կարգավորել միայն ՀՀ մշակույթի նախարարության կամ առավել ևս հուշարձանների պահպանությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի ջանքերով, քանզի պետական ցուցակներում գրանցված ավելի քան 250 գերեզմանոցի տարածքում /պատմական և գործող/, պետական ցուցակների հաստատումից հետո, առկա են հուղարկավորության դեպքեր: