ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀՆԱԳԵՏ ՖՈՆԴԱՊԱՀԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՏԱՐՎԻ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀՆԱԳԵՏ ՖՈՆԴԱՊԱՀԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՏԱՐՎԻ

2019-06-07T14:07:52+00:00 June 6th, 2019|Լրահոս|

Մշակութային ժառանգության ու պահպանության համար պատասխանատու ցանկացած կառույցի ամենահետաքրքիր օղակներից մեկը ֆոնդերն են՝ հիմնական ու նախնական: Միայն ֆոնդերի աշխատանքին ծանոթ մարդիկ կարող են ասել, թե ինչ աննկարագրելի հետաքրքիր աշխարհ է, ուր մեկտեղվում են ներկան ու անցյալը, ուր կարողանում ես շփվել դարերից եկած, մասամբ կամ ամբողջությամբ պահպանված մշակութային ժառանգության հետ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդեր «հավքն իր թևով, օձն իր պորտով» չի կարող մտնել, բայց մեզ համար՝ բացառություն արվեց:  Նախնական ֆոնդի նյութերը պահվում են երկու սենյակներում:

Լուսինե Ալեքսանյանը նախնական ֆոնդի ֆոնդապահն է: Մասնագիտությամբ հնագետ երիտասարդ աշխատակիցը ֆոնդը ընդունելուց հետո, առաջինը, որ արել է՝ իրեն վստահված մշակութային «հարստությունը»  ուսումնասիրելն ու դասակարգելն է եղել / վաղ և միջին բրոնզի, երկաթի դարաշրջան, ուրարտու, միջնադար և այլն/:

Իմ խնդրանքով Լուսինեն խնամքով բացում է դարակներում տեղավորած արկղերը ու  հանում հնագիտական նյութը՝ աղաման, խեցեղեն, սափորի բեկորներ և այլն:

Այստեղ՝ այս փոքրիկ սենյակում կան 1960-75 թթ.. Ջրահովիտի պեղումներից հայտնաբերված նյութեր: Հնագիտական արշավախմբի ղեկավարը դրանք  ժամանակին չի  հանձնել  ֆոնդերին: Ասել է, թե դրանք մաքրման, դասակարգման, հաշվառման համարանիշի կարիք ունեն:

 

«Ջրահովիտ հուշարձանից հայտնաբերված Կուր-Արաքսից մինչև միջնադար հնագիտական  նյութ կա ֆոնդում: Կուր-Արաքսի հնագիտական նյութերը՝ 1300 առարկա, նախորդ տարի հանձնել եմ  հիմնական ֆոնդ: Բեկորային վիճակում են եղել, լվացել եմ, մաքրել, հետո՝ վերականգնման լաբորատորիայի գործընկերներիս հետ խմբավորել ենք: Դրանք հաշվառման համարանիշ են ստացել ու համալրել  հնագիտության ֆոնդը», -ասում է նա:

Հնագիտական նյութի հետ աշխատել նշանակում է հնարավորինս ամբողջական ու շատ ինֆորմացիա ունենալ նյութի մասին: Լուսինեն անկեղծանում է. «Ջրահովիտի մասին փորձել եմ շատ տեղեկատվություն հավաքել, որ պատեկերացում կազմեմ նախ և առաջ հուշարձանի մասին: Պեղումների մասով էլ նայել եմ հնագիտական արշավախմբի ղեկավար Էմմա Խանզադյանի օրագրերը, որ փորձեմ նույնականացնել»:

Պարզվել է, որ Էմմա Խանզադյանի օրագրում այդ նյութերի մասին մասնակի տեղեկույթ կար և դրանցից շատերի մասով նույնականացում անել չհաջողվեց: Բացառություն էր մեկը, որ նաև դաշտային համար ուներ: Լուսինեն արկղից հանում է  մեկ տասնյակից ավելի բեկորներ ու փորձում դրանցից ամբողջական պատկեր ստանալ:

«Սափորի մի մասն արդեն կա՝ բեկորներն էլ, եթե համադրենք, չի բացառվում, որ ամբողջական առարկա դառնա: Ընդհանրապես, հավանականություն կա, որ նախնական ֆոնդի այլ առարկաներ էլ կարող են ամբողջական դառնալ»,- նշում է նա:

Լուսինե  Ալեքսանյանը հատուկ վերաբերմունք չունի ֆոնդային առարկաների հանդեպ, սիրելի առարկա կամ գտածո չի առանձնացնում: Չնայած անկեղծանում է՝ իրեն շատ է դուր գալիս միջնադարով թվագրվող աղամանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում նաև Լճափի բլուրի պեղումներից հայտնաբերված գտածոներ կան: Այստեղ տևական ժամանակ է «բնակություն» են հաստատել ու  համերաշխ «հարևանություն» են անում՝ խորհրդային ժամանակներից մնացած հաշվիչը, գրամեքենան, ռադիոընդունիչն ու լուսանկարչական ապարատը:

Լուսինեն հերթով հանում է դրանք տուփերից, սրբում վրայի փոշին ու ասում, որ կհաշվառի ու կփոխանցի ազգագրության ֆոնդ: Նկարագրությունը կտան ազգագրագետները:

Մասնագիտությամբ հնագետը մասնակցել է Էրեբունիում, Կարմիր բլուրում և Մեծամորում իրականացված պեղումներին:

«Ամենատպավորիչը Էրեբունիում էր՝ պատի շարվածք էր բացվել, սկզբում մտածեցինք կլոր կացարան է: Հետո պարզվեց՝ սխալվել ենք:  2013 թ. էլ  հետախուզական պեղումներ իրականացրինք Կարմիր բլուրի պեղավայրի մի հատվածում: Արդյունքում՝ դամբարանադաշտը սկսեց բացվել», -ասում է հնագետը:

Խոսելով Մեծամոր հնավայրի տարածքում իրականացված պեղումների մասին, նա հպարտությամբ ասում է՝ իմ առաջին ոսկյա գտածոն կիսալուսնաձև կախիկն է, որ գտել եմ Մեծամորում:

Նախնական  ֆոնդի  մեկ  այլ  «հարստություն»  էլ՝  «Զորաց քարեր»-ի տարածքից հայտնաբերված 171 առարկաներն են:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի, տնօրենի տեղակալ Կարեն  Փահլևանյանի գլխավորությամբ  մի  քանի  տարի է պեղումներ են իրականացվում «Զորաց քարեր» բնակատեղի արգելոցի տարածքում: Հայտնաբերված հնագիտական նյութը՝ կճուճները, մետաղ Լուսինեն մշակել է, հաշվառման համարանիշ ու նկարագրություն տվել և պեղող հնագետի հետ միասին հանձնել ֆոնդեր:

Նախնական ֆոնդում նաև մեծ բեկորներ կան, դրանք այնքան ծանր են, որ բաձրացնելու փորձն անհաջող է ավարտվում:

«Միջնադարով թվագրվող կարասի մաս է, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Առաջին անգամ տեղաշարժեցի», -ժպիտով ասում է նա:

Աչքերը փայլում են, երբ զրուցելով գնում ենք ֆոնդերի մյուս փոքրիկ, բայց հնագիտական նյութով հարուստ սենյակը: Հիշում է. մի քանի տարի առաջ շինարարական աշախատանքների ընթացքում Գեղարքունիքի մարզի Հացառատ համայնքի բնակիչը մշակութային շերտի էր բախվել: ՊՈԱԿ-ի հնագետները գնացել, ուսումնասիրել ու պեղումների արդյունքում հետաքրքիր նյութ էին գտել. կճուճ, սափոր, զարդեր, ափսե ուրարատական ժամանակաշրջանով թվագրվող մետաղյա առարկաներ: Լուսինեն դրանց նկարագիրն ու համարանիշներն է տվել:

SONY DSC

Նախնական ֆոնդում «աշխատելիս» մեզ է միանում հիմնական ֆոնդի աշխատակիցը: Մի պահ զրույցն ընդմիջվում է սահմանված կարգի համապատասխան հիմնական ֆոնդ է հանձնում՝ ապարանջան, դաշույնի, տեգերի բեկորներ, կճուճներ և այլն: Հետագայում դրանց հետ «կաշխատեն» վերականգնողները:

Երբ անջատել էի ձայնագրիչն ու վերջին շտրիխներն էի անում՝ զրուցակիցս անկեղծացավ. երազում է, որ պեղումներից հետո նյութը անմիջապես իրեն հանձնվի և առաջին ինֆորմացիան ինքը պատմի մյուսներին:

Ու քանի որ բոլոր երազանքներն էլ մի օր կատարվում են՝ կիրականանա նաև հնագետ, ֆոնդապահ Լուսինե Ալեքսանյանի երազանքը…