ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:44+00:00 26/03/2013|Կոտայք, Լրահոս|

Հայոց բանակի 21-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը հայրենասիրական միջոցառումների շարք էր նախաձեռնել: Մարզային ծառայության պատասխանատուները, ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-մշակույթ-կրթություն համագործակցության շրջանակում այցելել են մարզի զորամասեր: Դրանք պարբերական բնույթ են կրում: Մարզային ծառայության պատասխանատուները աշխատանքային ծրագրի համաձայն, զինծառայողների հետ հանդիպումներ են անցկացնում նաեւ մեր պատմամշակութային ժառանգության մասին համապարփակ տեղեկատվություն հաղորդելու նպատակով:

ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները եղել են Ջրվեժ եւ Արգել համայնքներում տեղակայված զորամասերում: Ի դեպ, Արգելում հանդիպումը կայացել է երկու հոսքով` շուրջ 300 զինծառայողի մասնակցությամբ: ՊՄՊ մարզային ծառայության ղեկավար Կ. Հակոբյանի, զորամասերի պատասխանատուների` արցախյան ազատամարտին, հայոց բանակի անցած ճանապարհին ու կայացմանը նվիրված ելույթներից հետո ցուցադրվել են Զորավար Անդրանիկի մասին պատմող ու «Արցախյան պատերազմ» տեսաֆիլմերը:

ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներն այցելել են նաեւ Հրազդան մարզկենտրոնում տեղակայված զորամաս, որտեղ ցուցադրվել է «Արցախյան պատերազմ» տեսաֆիլմը:

Արզնի համայնքի զորամասում էլ հանդիպումը զինծառայողների հետ սկսվել է մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանի շնորհավորական ելույթով: 2012 թ. կազմակերպած միջոցառումների և 2013 թ. պլանային աշխատանքների, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցության համար զորամասի հրամանատարության անունից ՊՄՊ մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանին պատվոգիր է հանձնվել: Միջոցառման ավարտին ցուցադրվել են Արցախյան պատերազմում զոհված հերոս ազատամարտիկների և Շուշիի ազատագրման մասին պատմող տեսաֆիլմեր: Բալահովիտ համայնքում տեղակայված զորամասի զինծառայողների համար էլ կազմակերպվել է հինգ` «Արցախյան պատերազմ», «Հարսանիք լեռներում», «Նահատակված հերոս ազատամարտիկներ», «Հայ վրիժառուներ» և Մոնթեի մասին պատմող տեսաֆիլմերի դիտում:

Նշենք, որ ՊՄՊ մարզային ծառայության կողմից զորամասերին տրամադրված թվային լուսանկարներով դեռ անցած տարվանից պատրաստվել են ֆոտոստենդներ, եւ դրանց հիմնական մասը տեղադրված է հենց զորամասերում: