«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԶԳԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՆՉԸ» ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԶԳԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՆՉԸ» ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

2013-10-21T14:16:53+00:00 21/10/2013|Լրահոս|

Սահմանափակ կարողություններով այցելուների համար «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային նախագիծը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում իրականացվում է 2010 թ-ից: Մինչ օրս ծրագրին մասնակցել է տարբեր առողջական խնդիրներ ունեցող /առանց տարիքային սահմանափակման/ շուրջ հարյուր այցելու: Ս. թ. հոկտեմբերի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իրականացվեց նախագծի հերթական փուլը` հիմնվելով նախնական հետազոտությունների, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի համապատասխան հնարավորությունների վրա: Գործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հաշմանդամների «Ֆորտե» գիտամշակութային հասարակական կազմակերպության հետ, այս տարվա ամռանը` «Առանց խոչնդոտների թանգարան» խորագրով թեմատիկ /զեկուցող՝ Դ. Ա. Պողոսյան/ քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրային ֆակուլտետի «Թանգարանային գործ եւ հուշարձանների պահպանություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ս. Ավալյանի ջանքերով: Բուհի ուսանողուհու ղեկավարությամբ էլ տեսողական խնդիրներով ունկնդիրները եւ նրանց ուղեկցողները (20 հոգի) Երևանից տեղափոխվեցին արգելոց-թանգարան:
ՊՈԱԿ-ի հրավերով դասախոսեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանը: Խմբի երկու անդամներ թանգարանում տեղադրված բրալյան համակարգով վահանակի վրա ընթերցեցին արգելոց-թանգարանում պահվող մշակութային ժառանգության վերաբերյալ հայերեն ու ռուսերեն տեքստերը, ապա ցուցասրահում, ձեռնոցների միջոցով շոշափելու եղանակով, համաժամանակյա մեկնաբանությամբ ծանոթացան նաեւ տաճարի թորամանյանական վերակազմությանը, ինչպես նաւ Ս. Հռիփսիմեի, Կարմրավորի, Լմբատվանքի կառուցվածքային առանձնահատկություններին` մանրակերտերի միջոցով: Մասնակիցները ծանոթացան նաեւ տաճարի զարդամոտիվներին, մասնավորապես նռնակերպ զարդամոտիվների շոշափմանը զուգադրվեց նաև բնական մրգերի՝ նռան ու խաղողի համտեսը: Վերջում խումբը, բացօթյա ցուցադրվող արծվակերպ խոյակներին ծանոթանալուց հետո, ամփոփեց իր տպավորությունները նախագծի հեղինակի և արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ:
Միջոցառման ավարտին խմբի անդամներից մի քանիսը հոգևոր երաժշտություն կատարեցին տաճարի կամարների ներքո, որին միացավ նաեւ «Զվարթնոց» համույթը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակիցների հետ զվարթնոցյան թեմաներով զարդերի պատրաստման և նախագծի շարունակման վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էին ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների եւ հավաքածուների կառավարման, զարգացման ու մարքեթինգի բաժնի վարիչ Ք. Հակոբյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանը, նույն բուհի հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մ. Մարությանը, այլք: