ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

2013-11-19T13:03:54+00:00 19/11/2013|Լրահոս|

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքային համայնքի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի` եւ Գյումրու քաղաքապետարանի` պետության պահպանության տակ գտնվող հանրապետական նշանակության, պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող գերեզմանի սկզբնական տեսքը վերականգնելու պահանջով:

ՊՈԱԿ-ը դատարանից խնդրում էր պարտավորեցնել «Հավերժ հիշատակ» ընկերությանը վերականգնել Գյումրու թիվ մեկ գերեզմանոցում պետության պահպանության տակ գտնվող, պատմության ու մշակույթի հուշարձան հանդիսացող` Աշուղ Ադաշի գերեզմանի սկզբնական տեսքը` ըստ ներկայացված լուսանկարների եւ գերեզմանի սկզբնական տեսքի տեսագրության: Հայցը ներկայացնող ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը դատարանում հայտնել էր, որ «Գերեզմանոց»19-20-րդ դդ. /պետ. ցուցիչ` 7.17/ հանրապետական նշանակության հուշարձանն ընդգրկված է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նշվել է, որ 2012 թ. Վիլյամ Պատրիկ Պատերսոնի եւ Գյումրու քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Արմեն Հովսեփյանի կողմից, առանց քաղաքապետարանի թույլտվության եւ իրավասու մարմնի համաձայնության, նշված Գերեզմանի վրա ինքնակամ միջամտություն է կատարվել, իրականացվել են ապօրինի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` Գերեզմանի տապանաքարի շուրջը շարվել են բազալտե քարեր, լցվել է սեւ եւ սպիտակ խճաքար: Շինարարական աշխատանքների թույլտվության ու իրավասու մարմնի համաձայնության փաստաթղթերը Վ. Պատերսոնից ու Ա. Հովսեփյանից չի պահանջել նաեւ Գյումրու թիվ 1 գերեզմանոցի վարիչ Ալյոշա Սարգսյանը: Պատասխանող կողմը չի ընդունել հայցապահանջը, ասելով, թե կատարվել են Գերեզմանի բարեկարգման աշխատանքներ, չի խախտվել տեսքը:

Դատարանը, լսելով կողմերին, վճռեց բավարարել հայցը` պարտավորեցնել պատասխանողներ Գյումրու քաղաքապետարանին ու Գյումրու քաղաքային համայնքի «Հավերժ հիշատակ» ՓԲ ընկերությանը համապարտության կարգով վերականգնել Գյումրու թիվ 1 գերեզմանոցում գտնվող Աշուղ Ադաշի /Գեորգի Գյուրջիեւի հոր/ գերեզմանի նախնական տեսքը, հեռացնել գերեզմանում, մետաղյա ճաղերից ներս տեղադրված բազալտե եզրաքարերը, հեռացնել գերեզմանի տապանաքարի վրա տեղադրված մարմարե սալիկը, տապանաքարի շուրջը լցված սեւ եւ սպիտակ խճաքարերը: