Հոկտեմբերի 12-ին, «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային նախագծի շրջանակում, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հյուրընկալեց լսողության խանգարումներ ունեցող երեխաների: Երևանի հատուկ կրթահամալիրի 14 սաները, վաստակավոր մանկավարժ Զուբեյդա Մելիքյանի ղեկավարությամբ, հետաքրքրությամբ շրջեցին արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացան հայոց մշակութային ժառանգության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկին:
Կրթահամալիրի սաները «Գառնի» տաճարի աստիճանների վրա հանդես եկան համերգային ծրագրով ու ասմունքով: Ժեստերի լեզվով մասնակիցները կատարեցին մի քանի երաժշտական համարներ, որոնք ուղեկցվում էին նաև հանդիսատեսի համար բացօթյա երաժշտությամբ: Բարձր դասարանների երկու աշակերտներ էլ ասմունքեցին ժեստերով: «Գառնի» տաճարի նմանօրինակ օգտագործմանը և հանրահռչակմանը և ժեստերի լեզվով ցուցադրված համերգային ծրագրին հուզմունքով էին հետևում արգելոց-թանգարանի այցելուները, զբոսաշրջիկները: