ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ /ԱՄՐՈՑ ԱԽԹԱԼԱ, ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱԼԱ/

ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ /ԱՄՐՈՑ ԱԽԹԱԼԱ, ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱԼԱ/

2015-08-10T13:25:22+00:00 29/05/2015|Լոռի, Լոռի Հուշարձաններ|

Լոռու մարզ, գ. Ախթալա, /պետ ցուցիչ` 5.5.1.1/:

Ախթալայի հուշարձանախումբը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում (Երևանից 185 կմ հեռավորության վրա)` խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Սա հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է:

Ախթալայի տարածքը նաև մարդու վաղ բնակավայրերից մեկն է: Այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակի հուշարձաններ, VIII-VI դդ. թվագրվող քարարկղային թաղումներով դամբարաններ, կավից և մետաղներից պատրաստված մշակութային արժեքավոր առարկաներ:

Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները, որոնք մինչև XII դ. վերջերը իշխում էին այս տարածքում: Այն Հայաստանի տարածքի համեմատաբար լավ պահպանված ամրոցներից է, կառուցված կրաբետոնով շաղախված կոպտատաշ կապտավուն բազալտից, բնական միջավայրի հետ ներդաշնակության սկզբունքի կիրառումով:

Ամրոցը երեք կողմից շարջապատված է ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, իսկ անցանելի տեղերն ամրացված են աշտարակավոր բերդապարիսպներով: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հինգհարկանի հզոր աշտարակը, որի առաջին հարկը գետնափոր է:

Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է: Եկեղեցին կառուցվել է մինչ Իվանե Զաքարյանի այստեղ հաստատվելը, ով եկեղեցին ենթարկել է լուրջ ձևափոխումների` վերածելով այն ուղղափառ եկեղեցու: Ս. Աստվածածինը միջանկյալ դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ և գմբեթավոր դահլիճ տիպերի մեջ: Ունեցել է քարե թմբուկով և վեղարով գմբեթ, որը չի պահպանվել (ըստ ավանդության` այն կործանել է Լենկթեմուրը` XIV դ. իր արշավանքների ժամանակ): Աչքի է ընկնում բոլոր չորս ճակատների ուղղահայաց ռելիեֆային մեծ խաչերով, ձևավորված շքամուտքերով, հարուստ փորագրությամբ և քանդակներով երիզված լուսամուտներով, զարդաքանդակներով, քաղքեդոնական հոյակապ որմնանկարներով, որոնք լավագույններից են Բյուզանդիայից դուրս գտնվողների մեջ:

Զաքարյանների իշխանության օրոք այստեղ կառուցվում են այլ շինություններ և եկեղեցիներ ևս, որոնց մեջ առանձնանում է Ս. Աստվածածնի արևմտյան պատին կից ուղղանկյուն հատակագծով գեղազարդ շինությունը (կառուցվել է մինչև 1227 թ.): Սրան կից կառուցվել է զույգ երկթեք տանիքներով ծածկված սրահը: Ըստ Կիրակոս Գանձակեցու` Իվանեն և իր որդի Ավագը թաղված են այստեղ: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին կից կա եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ օժանդակ շինություն:

Վանքի հյուսիս-արևմտյան կողմում միայնակ կանգնած է երկթեք ծածկով միանավ եկեղեցի, որը ժամանակին ունեցել է կից կառույց: Պահպանվել են վանքի համար նախատեսված տնտեսական շինությունների մնացորդներ: Բացի այս, Ախթալայում և նրա շրջակայքում կան հիմնականում XIII դ. կառուցված այլ հուշարձաններ ևս (Ս. Երրորդություն վանք, Զույգ եկեղեցիներ, Ս. Գևորգ եկեղեցի, մատուռներ, խաչքարեր և ամրոցատիպ շինությունների մնացորդներ):

Ախթալան (թուրքերեն աղ թալա` սպիտակ բացատ) մինչև XV դ. հիշատակվում է Պղնձահանք անունով (ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից): Ախթալայում է պահվել քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:

Ախթալայում է նկարահանվել նաև Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ հատվածներ: Այստեղ է գործել միջնադարի հոգևորական, գիտնական և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին:

Օգտագործված գրականություն
1. Հարությունյան Վ., Հայ ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
2. Ախթալա. Հայաստանի պատմական հուշարձանները, հեղ.` Ա. Թադևոսյան, Երևան, 2007:
3. Եղիազարյան Հ., Ալավերդու շրջանի հուշարձանները, ուղեցույց VI, Երևան, 1952:
4. Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: