ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՇԵՆՔ «ՊԱՍԱԺ»

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՇԵՆՔ «ՊԱՍԱԺ»

2015-08-19T12:49:50+00:00 July 17th, 2015|Սյունիք, Հուշարձաններ|

Գտնվում է Գորիսի` Մխիթար սպարապետի անվան կենտրոնական հրապարակում /պետ. ցուցիչ` 8.3.142/: Շենքի անվանումը ծագում է ֆրանսերեն passage բառից, թարգմանաբար այն ունի «բանուկ անցուղի» իմաստը: Կառուցվել է XIX դարի վերջին` Կապանից տեղափոխված և Գորիսում մշտական բնակություն հաստատած Մելիք-Նուբարյանների նախաձեռնությամբ: Այդ գաղափարին արձագանքելով` «Պասաժում» խանութներ են բացել Վանիևները, Մինասյանները, Մալինցյանները և այլք:

Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Բուն շենքն ունի 45մ երկարություն, 13մ լայնություն և 4մ բարձրություն: Շինության արևելյան մասում մոտ 90սմ, իսկ արևմտյանում` 10սմ բարձրություն ունեցող սալահատակ ճեմուղի-անցուղին իր 52 սյուների հետ ընդգրկում է ողջ շենքի ծավալը` առևտրականների համար ապահովելով բացօթյա առևտրի հնարավորություն: Ճեմուղու հետ միասին շենքն ունի 50մ երկարություն և 20մ լայնություն: Շենքն ներքնահարկը ծառայել է որպես մթերանոց: «Պասաժի» շինարարական աշխատանքների ընթացքում մեկտեղվել են ոչ միայն մեծահարուստների դրամական միջոցները, այլև քաղաքի շնորհաշատ արհեստավորների ջանքերը: Շինության բոլոր բացվածքները արտաքինից իրար նման են: Խանութներն ունեցել են 17 մուտք-բացվածք` 2.5մ լայնությամբ և նույնքան էլ բարձրությամբ: Շենքի մեջտեղում եղել է դալան-անցուղի` «Պասաժի» հակառակ երես դուրս գալու համար: Դեռևս խորհրդային տարիներին այդ անցուղին փակվել է, ինչի արդյունքում խանութների մուտք-բացվածքները դարձել են 18-ը: Շինության պատերի բացվածքների վրա փորված է միասնական դրոշմ:

«Պասաժ»-ի ծառայություններից հիմնականում օգտվել են քաղաքի մեծահարուստները: Ակսել Բակունցի «Կյորեսի» շնորհիվ մեզ են հասել «Պասաժի» մի քանի խանութների անուններ, որոնց հիշատակումն ինքնին վկայում է քաղաքի առևտրականների լայն կապերի մասին` «Կուր դը բեժա», «Նադեժդա», «Դրուժբա»: Գոհարեղենի ու ակնեղենի խանութների կողքին գործել են նաև խմիչքների ու նպարեղենի խանութներ, որտեղ վաճառվել են ֆրանսիական լիկյորներ, Հավանայի սիգար, Հռենոսի գինի:

Գորիսի մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն էր տպարանի բացումը (1903թ.): Գորիսեցի Ասատուր Գևորգյանը, Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ստանալով բարձրագույն կրթություն, այնտեղից տեղափոխում է տպագրական մեքենաներ և հիմնում «Սասուն» անունով տպարան, որը գործել է «Պասաժի» շենքում: Տպարանին կից գործել է նաև նույնանուն գրախանութը: Կարճ ժամանակահատվածում դառնալով քաղաքի հասարակական կարծիքի ձևավորման հայտնի կենտրոն: Հենց այս գրախանութում էլ 1910թ. օգոստոսի 10-ին Գորիսի հասարակության անունից, 152 բնակիչների ստորագրությամբ, դիմում գրվեց` խնդրելով Ակսել Բակունցին ընդունել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ինչպես հայտնի է, այդ հարցը դրական լուծում է ստացել:

Շենքը խորհրդային տարիներին վեր է ածվել գարեջրի գործարանի, այնուհետև հասարակական սննդի օբյեկտի: Ցավոք, հետագայում մնացել է բարձիթողի վիճակում` մինչև նրա սփականաշնորհվելը: Այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Շինության արտաքին տեսքը կրել է մասնակի փոփոխություններ` ավելացվել են 4 սյուներ (սյուների նախնական թիվը 48 էր): Նախատեսված է նորոգումից հետո շահագործել որպես հյուրանոց:

Օգտագործված գրականություն
1.Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005: