ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

2015-09-25T14:33:46+00:00 25/09/2015|Լոռի, Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, Վանաձորի Անուշ Մաթևոսյանի անվան N 8 հիմնական դպրոցում անցկացվել է Լոռու և Շիրակի մարզերի հուշարձանների շրջիկ ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 24 ամյա տարեդարձին:

Դպրոցի ճեմասրահում ցուցադրվել են Լոռու մարզի առավել հայտնի հուշարձանների լուսանկարները, դրանց միջոցով աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրենց տարածաշրջանի մշակութային ժառանգությանը : Իսկ բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել է սլայդ-ցուցադրություն, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատրաստված լուսանկարների միջոցով, նրանք ծանոթացել են Հայաստանի տրածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններին : Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Գերյանը ներկաներին պատմել է մարզի հուշարձանների առանձնահատկությունների մասին, իսկ գիտաշխատող՝ Հ. Մարուքյանը խոսել է առավել հայտնի վանական համալիրների, ամրոցների, պատմամշակութային այլ կոթողների, խաչքարերի պատմության, կառուցման մանրամասների մասին, ներկայացրել դրանց հետ կապված ավանդազրույցները : Ապա, ծավալված աշխույժ քննարկման ընթացքում, մարզային ծառայության աշխատակիցները պատասխանել են աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն իր շնորհակալական խոսքում կարևորել է երիտասարդների՝ հայրենի բնաշխարհը ճանաչելուն և հայրենասիրական ոգին բարձր պահելուն միտված նման միջոցառումների անցկացումը և երախտագիտությունը հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ու ՊՄՊ Լոռու մարզային ծառայությանը՝ հետաքրքիր նախաձեռնությունների ու հուշարձանների պահպանության գործում ցուցաբերած նվիրումի համար: