ԲԱՑՕԹՅԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ / ՔԱՐԻ ԴԱՐ /

ԲԱՑՕԹՅԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ / ՔԱՐԻ ԴԱՐ /

Կոտայքի մարզ, գյուղ` Ակունք, պետ. ցուցիչ` 6.9.3 /ենթ.3.1-3.3/ և 6.9.4 / ենթ.4.1-4.10/

Հնագույն հուշարձաններից առաջինը գտնվում է գյուղից մեկ կմ. հյուսիս-արևմուտք` Ակունք 1, Ակունք 2, Ակունք 3 /պետ. ցուցիչ 6.9.3.1-6.9.3.3/, իսկ երկրորդ խումբը` Հատիս 1, Հատիս 2,…Հատիս 10 գտնվում է նրա հարևանությամբ, Պողոս-Պետրոս հնավայրի մերձակայքում /պետ. ցուցիչ 6.9.4.1-6.9.4.10/:

Քարեդարյան երկու կայանների համալիրներն էլ գտնվում են Հատիս լեռան լանջի ստորին հատվածներում` բնական քարանձավների շրջակայքում: Տարածքը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1525մ. բարձրության վրա, բավականին քարքարոտ է, վերին հատվածներում ժայռեր են, առկա են օբսիդիանի բնական ելքեր:

Ըստ հուշարձանի նկարագրական-բնութագրական տեղեկանքի` Ակունք 1, Ակունք 2, Ակունք 3 բացօթյա կայանների համալիրի տարածքում չեն հայտնաբերվել աշխատանքային գործիքներ և դրանց պատրաստման միջոցներ, իսկ բնական քարանձավը հավանաբար օգտագործվել է հին քարի դարում: Դրան հակառակ բացօթյա կայանների մյուս համալիրի` Հատիս 1, Հատիս 2,…Հատիս 10 տարածքից դեռևս 1980-ական թվականների սկզբներին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Հրաչյա Ղազարյանին հաջողվեց հայտնաբերել օբսիդիանից պատրաստված շուրջ 700 Աշելյան դարաշրջանի քարե գործիքներ, միջուկներ /նուկլեուսներ/, ցլեպներից պատրաստված սրածայրեր, քերիչներ և հատիչներ: Գիտնականը կատարեց չափազանց կարևոր մի եզրահանգում` կայանների տարածքը իրենից քարեդարյան գործիքների պատրաստման մի հսկայական <<արտադրամաս>> է ներկայացնում:

Հանրապետական նշանակության հուշարձանախումբը իր տեսակի մեջ տարածաշրջանի կարևորագույն և եզակի հուշարձաններից է:

Օգտագործված գրականություն

1. Դ. Ս. Ավդուսին, ՍՍՀՄ հնագիտություն, Երևան, 1981թ.
2. Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում, գիտական աշխատությունների ժողովածու 7-րդ մաս, Երևան, 1987թ.
3. Վ. Վ. Ավետյան, Գործնական աշխատանքներ հնագիտությունից, նկարագրական- բնութագրական տեղեկանք, <<Լույս>> հրատ., Երևան, 1983թ.