«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Զվարթնոց տաճարի պեղումների ժամանակ փլատակների մեջ հայտնաբերվել է նաև արևի ժամացույցը, որն՝ ինչպես հայկական մյուս բոլոր հուշարձաններում, պետք է որ տեղադրված լիներ տաճարի հարավային պատին: Հայտնաբերված արևի ժամացույցը 1937 թվականից ցուցադրվում է «Զվարթնոց» պատամամշակութային արգոլոց-թանգարանում:

Արևի ժամացույցները լայնորեն հայտնի են հայկական ճարտարապետության մեջ և′ VII դարում, և′ ավելի ուշ շրջաններում:

«Զվարթնոց» պատամամշակութային արգոլոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանի կարծիքով արևի ժամացույցը թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից մեկն է. «Սովորաբար արևի ժամացույցները լինում են կիսաշրջանաձև, բայց տաճարի պեղումների ընթացքում հայտնաբերված արևի ժամացույցը շրջանաձև է պատրաստված: Հավանաբար, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել, թե որտեղ է տեղադրվել ժամացույցը: Այն եղել է հարավային շքամուտքից վերև՝ շրջանաձև պատուհանների շարքում: Որպեսզի ճարտարապետը ներդաշնակություն ապահովեր, մտածել է ժամացույցին տալ այս ձևը:»

Լարիսա Հարությունյանն, ամեն անգամ արևի ժամացույցի մասին խոսելիս, այցելուների ուշադրությունը հրավիրում է դրա վրա պահպանված հետևյալ արձանագրությանը. «Աղաւթեսցեն առ Տէր ամենայն սուրբ ի ժամ ընդունելի» (Աղոթքն ամեն սուրբ ժամ ընդունելի է Տիրոջը):

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն արևի ժամացույցը, այլև պեղումների ընթացքում արված բացառիկ լուսանկարներ, որոնցից երևում է, թե տաճարի որ հատվածում է գտնվել այն: Այդ լուսանկարներում, արևի ժամացույցի մոտ, բանասեր, բանահավաք, հնագետ Խաչիկ Դադյանն է, որը 1900 թվականից ձեռնամուխ է եղել Զվարթնոցի պեղման աշխատանքներին:

Սովորաբար արևի ժամացույցները կիսաշրջանաձև եզրակներ ունեն և հազվագյուտ են հանդիպում շրջանաձև եզրաշերտի մեջ առնված ժամացույցներ, ինչպիսին՝ Զվարթնոցինն է: Զվարթնոցի ժամացույցի անսովոր և առաջին հայացքից տարօրինակ թվացող ձևի համար, միգուցե, որոշակի նշանակություն է ունեցել ժամացույցի տեղադրման հարցը: Եվ, իսկապես, որտե˚ղ, հարավային ճակատի ո˚ր մասում էր հնարավոր այն տեղավորել: Այն հանգամանքը, որ ժամացույցը, որպես կանոն, պետք է ուղղված լիներ ճիշտ դեպի հարավ և այդ դասավորության մեջ անթուլատրելի էր որևէ շեղում՝ կարծես հասկանալի է դարձնում ժամացույցի՝ նման տեսքով պատրաստումը: Եվ քանի որ ժամացույցը չէր կարող տեղավորվել երկրորդ հարկաբաժնի պատին, ապա մնում էր միայն մեկ հնարավորություն. այն տեղավորել հարավային ճակատի կենտրոնական նիստի վրա, շքամուտքից անմիջապես վերև՝ շրջանաձև պատուհանների շարքում: Թվում է հենց այս վերջին հանգամանքն էլ որոշիչ է եղել ժամացույցի ընդհանուր ձևի ընտրության հարցում, և օղակաձև պատուհանների որոշակի ռիթմը պահպանելու ցանկությունն է, որ թելադրել է նրա շրջանաձև հորինվածքը: