ՊՈԱԿ-ում ամփոփվել են 2016 թվականի կատարած աշխատանքները

ՊՈԱԿ-ում ամփոփվել են 2016 թվականի կատարած աշխատանքները

2017-02-02T14:43:16+00:00 16/12/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները դեկտեմբերի 14-16-ը ներկայացրել են 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսել ձեռքբերումների և ծագած խնդիրների մասին։

ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, հաշվետվությունների ընդունման, քննարկման և վերլուծության նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն, ամփոփելով ՊՈԱԿ-ի 2016 թվականի աշխատանքներն, ընդգծել է. «Տարվա աշխատանքների ամփոփումը ձևական բնույթ չի կրում, սա կարևոր է՝ ամփոփելու մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների 2016 թ. ընթացքում կատարած աշխատանքները, խոսելու ձեռքբերումների, բացթողումների մասին, նաև նախանշելու 2017 թվականին կատարվելիք աշխատանքները»:

Նրա խոսքով 2017 թվականին ևս կշարունակվեն մարզային ծառայությունների պետերի և գիտաշխատողների վերապատրաստման դասընթացները, նախորդ դասընթացի մասնակիցներին էլ վկայագրեր կտրվեն։ Մարզային ծառայությունների պետերին, արգելոցների ու արգելոց-թանգարանների վարիչներին Ա. Փիլիպոսյանը հորդորեց ավելի ակտիվ աշխատել ՊՈԱԿ-ի բաժինների հետ:

Մարզային ծառայության պատասխանատուներն, արգելոցների և արգելոց-թանգարանների վարիչներն իրենց զեկուցումներում անդրադարձան հուշարձանների պահպանության, հանրահռչակման, ուսումնասիրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, մատնանշեցին անցկացված միջոցառումները: Նրանք խոսեցին նաև հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումների, պահպանական գոտիների բացակայության, գանձագողության դեպքերի մասին:

Աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումով` տեղերում գիտաճանաչողական խորհուրդներ ստեղծելու առաջարկ հնչեց, խոսվեց հուշարձանների տարածքներում գտնվող տեղեկատվական վահանակները նորերով փոխարինելու անհրաժեշտության մասին:

Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների տարածքներում այս տարի 11 իրավախախտում է արձանագրվել: Տեղեկատվությունը ներկայացնող Օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակից Դավիթ Դանիելյանը նշեց, որ ՊՈԱԿ-ը բոլոր դեպքերի առիթով ահազանգել է իրավապահներին, հետամուտ եղել խնդրի վերջնական լուծմանը:

Տարվա ընթացքում տեղական և միջազգային տարբեր պարբերականներում հրատարակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների 44 գիտական հոդվածներ, պատրաստ են հրատարակության «Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմաճանաչողական գրքույկները, ՊՈԱԿ-ի «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի 3-րդ պրակը:

Նշվեց, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Կազանում, Ղրիմում անցկացված 15 միջազգային գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` ՊՈԱԿ-ի և «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ, նոյեմբերի 3-4-ն անցկացվել է Վանի պեղումների 100 ամյակին նվիրված «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Տարվա ընթացքում նորոգման որոշակի աշխատանքներ են իրականացվել ՊՈԱԿ-ի վարչական շենքում, աշխատանքներ են կատարվել նաև «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարաններում, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում (պատուհանների փոխարինում, էլեկտրալարերի և դրանց անվտանգ շահագործման հետ կապված աշխատանքներ, ՊՈԱԿ-ի վարչական շենքում և Գառնիում` «Յուքոմ» ընկերության հետ համատեղ Wi Fi համակարգի տեղադրում): ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացվել Գառնիի «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների վերականգնման նախագիծը, սալահատակի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով էլ դեկտեմբերի 19-ին կկայանա գնահատող հանձնաժողովի նիստը: Շինարարական աշխատանքները նախատեսվում են 2017 թ. ապրիլին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ այս տարի որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում:

Լիազոր մարմին է ներկայացվել նաև Մեծամորի «Սրբարաններ» հուշարձանի և շինության վերականգնման նախագիծը:
Ամփոփելով աշխատանքները` ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ 2016 թ. ընթացքում ՊՈԱԿ-ի բաժիններն աշխատել են ծանրաբեռնված և հավելեց, որ համոզված է այդպես կլինի նաև 2017 թ.-ին:

Նշենք, որ հաշվետությունների քննարկման և վերլուծության արդյունքում հանձնաժողովը կտա առաջարկներ, իսկ գնահատականները կներկայացվեն ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը: