ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

2012-02-20T08:58:34+00:00 February 1st, 2012|Հուշարձաններ|

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ
ք.Վաղարշապատ
պետ. ցուցիչ` 3.2.17

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում:       Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա  կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից  նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին:  Կույսերի նահատակման տեղում,  հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ.,  վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է  Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:

Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն  ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով:        Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը` չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի  արտահայտման  հիմնական միջոցն է: Այն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1մ) բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալներից մինչև գմբեթի վեղարը` ծավալների ներդաշնակ անցումներով:

XVII-րդ դարում հուշարձանը եղել է կիսավեր: 1653 թ.  Փիլիպոս կաթողիկոսն  այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: 1776 թ. եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով և բուրգերով, իսկ 1880 թ. շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, 1894 թ.` բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները: Զգալի նորոգումներ են կատարվել 1898 թ.: 1958 թ. մաքրվել է տաճարի ներքին տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացված  հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորները վկայում են, որ Հռիփսիմե տաճարի տեղում եղել է հեթանոսական տաճար:

Եկեղեցուց  50մ  արևելք գտնվում է  IV-XIX դդ  թվագրվող գերեզմանատունը:

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականություն`

Տ. Մարության,  Ավանի տաճարը և համանման հուշարձանները,  Երևան., 1976:

А. Якобсон.  Очерки  истории  зодчества Армении  V-ХVII вв,  М –Л., 1950.

А. Еремян.  К вопросу о датировке кафедральной церкви в Аване. – ԼՀԳ, 1969, N 3.

А. Еремян.  Храм Рипсиме.  Ер., 1955.