ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՊԱՎՈՐՎԱԾ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՊԱՎՈՐՎԱԾ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը դարձյալ հյուրընկալել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության կամավորներ» ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից մեր երկիր եկած կամավորների։ «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով անցկացվող միջազգային կամավորական ճամբարին այս անգամ մասնակցում էր 12 երիտասարդ՝ Հայաստանից, Իսպանիայից, Սերբիայից, Հարավային Կորեայից և Դանիայից ։

 

Երիտասարդները ծանոթացել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի գործունեությանը, դիտել մշտական ցուցադրությունը: Ծրագրի շրջանակում, արգելոց-թանգարանի տարածքում, սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել : Օտարերկրացի երիտասարդները հնարավորություն են ունեցել ճանաչելու Հայաստանը: Նրանց համար բավականին հետաքրքիր էքսկուրսիա էր կազմակերպվել:  Այցելել են Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, «Գառնի» պատմաշակութային արգելոց-թանգարան, Գեղարդավանք,  հիացել` կապուտակ Սևանի գեղեցկությամբ:

 

Օտարերկրացի երիտասարդները հայկական  երգ ու պարին, նաև`  խոհանոցին են ծանոթացել: Միասին  տոլմա, քյուֆթա, հայկական գաթա են պատրաստել ու  գինի համտեսել: Հայ ընկերներին էլ ծանոթացրել են իսպանական, դանիական, սերբական ու կորեական խոհանոցներին։

 

 

Մեր երկրից ստացած տպավորությունները կամավորները հանձնել են թղթին՝ նկարչության դասի ընթացքում նրանցից յուրաքանչյուր պատկերել է իր ընկալած Հայաստանը։ Մեկնումից առաջ նրանք  տպավորություններով կիսվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ու ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանի հետ` ասել, որ հիացած են հայկական յուրօրինակ ճարտարապետությամբ: Իրենց դանիացի, կորեացի ընկերներին անպայման ներկայացնելու են Հայաստանը` առաջարկելով այցելել ու ծանոթանալ մեր դարավոր մշակույթին: Երիտասարդներին դուր էր եկել նաև հայկական հյուրընկալությունը, ջերմությունը, ճամբարի կազմակերպվածությունը:  Դանիացի Սիսել Սոֆի Պոլսենը խոսելիս նույնիսկ  հուզվել է:

 

ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը հորդորել է նրանց պահպանել այստեղ ձևավորված ընկերությունը, հիշել Հայաստանն ու Զվարթնոցը:

«Հուսով ենք կրկին կայցելեք Հայաստան` արդեն  որպես զբոսաշրջիկներ ու  ձեզ հետ կլինեն նաև ձեր ընկերները», -ասել է Ստեփանյանը:

 

 

«Բարի ճանապարհ ու բարի վերադարձ: Ուզում եմ տարիներ հետո յուրաքանչյուրիդ  տեսնել մեր երկրում որպես Ձեր երկրների մշակութային դեսպանների: Համոզված եմ, որ  Հայաստանից ստացած տպավորությունները  երկար կմնան ձեր հիշողություններում», -իր խոսքում նշել է  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Կամավորները դիտել են «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը: Լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել է «Զվարթնոց»-ի տարածքում նրանց իրականացրած բարեկարգման աշխատանքները, տեսարժան վայրեր այցելությունները, հանգիստը:

ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը մակավորներին պատվոգրեր են հանձնել: