ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2019-01-29T14:57:13+00:00 December 6th, 2018|Երեվան, Լրահոս|

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի համատեղ նախաձեռնությամբ պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը և անխաթար պահպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում նմանօրինակ միջոցառումներն անցկացվում են պարբերաբար։ Այս անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հյուրընկալվել են ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը, ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի վարիչ Արմեն Իսրաելյանը, աշխատակիցները,  ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և նույն ամբիոնի դասախոս Ռաֆիկ Նահապետյանը։

Ողջունելով ռազմական համալսարանի ուսանողներին, Վրեժ Հաջյանը խոսել է Երևանի պատմամշակութային հուշարձանների առանձնահատկությունների, պահպանության  խնդիրների,  հանրահռչակմանը ուղղված տարբեր միջոցառումների մասին։ Վ․ Հաջյանը կարևորել է «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում հուշարձանների տարածքներում իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին ռազմական համալսարանի ուսանողների ու ընդհանրապես զինծառայողների ակտիվ մասնակցությունը։

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը հանդես է եկել «Հայաստանի հնագիտական նորությունները մեր օրերում» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում և Արցախում կատարված հնագիտական բացահայտումներին․« Դրանք վկայում են մեր երկրի և ժողովրդի հինավուրց լինելու մասին։ Պատմամշակութային առումով  այդ  հնագիտական ձեռքբերումները համաշխարհային լայն ճանաչման արժանացած հայտնագործություններ են, որոնք բացառիկ նշանակություն ունեն»։

Հայկ Ավետիսյանը մասնավորապես անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ քաղաքին,  Ազոխի բնակավայրի և ընդհանրապես պատմամշակութային նշանակություն ունեցող քարանձավային մշակույթին, Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր»  կոչվող տեղանքի հնագիտական պեղումների  ժամանակ  հայտնաբերված  5․500  տարվա հնության  կոշիկին։ Նա խոսել է նաև  հնագիտական պեղումների ժամանակ գտնված զենքերի տեսակների մասին, որոնք պատրաստման տեխնիկայի առումով բացառիկ են։

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռաֆիկ Նահապետյանը իր «Հայը և նրա հայրենիքը» դասախոսության ընթացքում անդրադարձել է հայ ժողովրդի ծագումնաբանական խնդիրներին ու նրա հայրենիքը ներկայացրել որպես  հնագույն քաղաքակրթության առաջացման օրրան։

Հանդիպման ավարտին ռազմական համալսարանի ուսանողները դիտել են Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող «21-րդ դարի վանդալները» ֆիլմը։