«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

SONY DSC

«Արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ  Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանն անգնահատելի ավանդ է ունեցել թանգարանաշինության և մշակութային ժառանգության պահպանության գործում:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվել է նկարչին  նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող  ցուցահանդեսը:

«Մեծ մտավորականը իր արվեստը փոխանցել է ժառանգներին: Պատահական չէ, որ Շարամբեյանին նվիրված ցուցահանդեսը բացվել է Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ», -իր խոսքում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա փոխանցմամբ լինելով կերպարվեստի բնագավառի մարդ Շարամբեյանը ջանք ու եռանդ չի խնայել  թանգարանաշինության ոլորտը զարգացնելու համար:

«Շարամբեյանի մասին գերադրական ցանկացած տիտղոս կարելի է ասել: Նա իսկական նվիրյալ էր», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հիշել վաստակավոր նկարչին բնութագրող մի պատմություն:

«Տարիներ առաջ ամերիկացի նկարիչ Դիլիջանում ցուցադրությունը դիտելուց հետո երեք նկար է նվիրել Շարամբեյանին: Վերջինս էլ՝ անոթ ամերիկացի արվեստագետին: Հետագայում նա իմանում է, որ ամերիկացին մահանալուց առաջ խնդրել է այրել աճյունը և մոխիրը լցնել այդ անոթի մեջ: Շարամբեյանը շատ հուզվել էր դրանից», -ասել է Ա. Փիլիպոսյանը:

Միջոցառմանը ներկա էին արվեստի վաստակավոր գործչի ընտանիքի անդամները: Նկարչի թոռան Նարեկ Վան Աշուղաթոյանի խոսքով մեծ գնահատանքի է արժանի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությունը, աշխատակիցների սրտացավ աշխատանքը, խանդավառությունը: Նա պատրաստակամություն է հայտնել  հետագայում էլ  շարունակել  գործակցությունը:

Դիլիջանը մեծ տեղ ուներ արվեստագետի կյանքում ու դա լավագույնս արտացոլված է նրա ստեղծագործություններում:

Դիլիջանյան միջավայրը այսօր ամբողջացրել էին Հացիկ գյուղի Ա. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի գոբելենագործության խմբակի երեխաները, ինչպես նաև՝ փայտագործ, ժողովրդական վարպետ Ռուբեն Արմենյանը՝  փայտից ու կավից պատրաստած իր աշխատանքներով:

Ոչ պակաս գեղեցիկ մտահղացում ներկաներին է փոխանցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ուսանող, դիզայներ Վահե Քոթանյանը: Հովհ. Շարամբեյանի անավարտ մի կտավ ցուցադրվել էր արգելոց-թանգարանի մուտքում: Ազգային տարազով կնոջ կերպարը ներկայացվել էր իրականության մեջ: Վ. Քոթանյանի մտահղացմամբ՝ կտավի կնոջ կերպարով ներկաներին ողջունում էր նույն բուհի տուրիզմի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը:

Ցուցահանդեսի բացման պատիվը տրվել է նկարչի թոռանը: Շարամբեյանի արմատները Արևմտյան Հայաստանից են և Վ. Քոթանյանի խնդրանքով նկարչի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը երկու մասի է բաժանել լավաշը, որը խորհրդանշել է Արևմտյան ու Արևելյան Հայաստանը:

SONY DSC

Հովհ. Շարամբեյանին նվիրված ցուցահանդեսին ներկայացվել են թանգարանային առարկաներ ՊՈԱԿ-ի «Դիլիջանի հավաքածու»-ից, Շարամբեյանի անձնական իրեր, գեղանկարներ, որոնք տրամադրել են նկարչի ժառանգները: