ՊԱԼԱՏ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՆԱԲԵՐԴ ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.4.

ՊԱԼԱՏ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՆԱԲԵՐԴ ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.4.

2015-05-25T15:42:39+00:00 04/03/2015|Արարատի Հուշարձաններ|

Միջնադարյան Հայաստանի նշանավոր կենտրոններից է մայրաքաղաք Դվինը, որը հիմնադրվել է հայոց Խոսրով Կոտակ արքայի օրոք /330-ական թվականներին/: Քաղաքը կարճ ժամանակահատվածում դարձել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարկերակը: Իսկ 5-րդ դարում /470թ./ Վաղարշապատից այստեղ է տեղափոխվել կաթողիկոսարանը «…շինեն նորին քարամբք զմեծ եկեղեցին զՍուրբ Գրիգորն ի բլուր տեղւոջն /Դվինում/, եւ փոխեն անդ զկաթողիկոսն Հայոց զԳիւտ» /Թովմա Արծրունի, Պատմ. Տանն Արծրունեաց/, «Դնեն զԳիւտ պատրիարք եւ ի Սուին հաստատեն զաթոռն, հրամանաւ Նորին Յովսեփայ» /Վարդան Պատմիչ Բարձրաբերդցի/: Հայոց Կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու /461-472թթ./ նախաձեռնությամբ սկսվում են կաթողիկոսական պալատի կառուցման աշխատանքները: Պալատի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ. համաձայն պատմական տվյալների այն վերագրվում է 5-րդ դարի երկրորդ կեսին /Կ. Ղաֆադարյան, «Դվին քաղաքի պեղումները» 1952թ., 1-ին հատոր, 119 էջ/: Պալատը կառուցված է եղել սրբատաշ տուֆաքարից` կրաշաղախով և ունեցել է վաղմիջնադարյան կառույցներին բնորոշ ձև: Կենտրոնում սյունազարդ դահլիճն է` բնակելի ու տնտեսական նշանակության սենյակներով: Սյունազարդ դահլիճի արևելյան մասում պահպանվել է բեմի մի հատված: Շինությունը օգտագործվել է եկեղեցական և աշխարհիկ միջոցառումների ու հավաքույթների համար: Ենթադրվում է, որ Դվինի հայտնի եկեղեցական ժողովները կայացել են հենց այս պալատում: Աշխարհիկ ճարտարապետության կոթողը Դվինի գլխավոր թաղամասի ամենաուշագրավ շինություններից է: 564թ. Հայաստանի մարզպան է նշանակվում պարսիկ Սուրենը, որը կրոնական հարցերում ցուցաբերելով անհանդուրժողականություն, պալատը վերածում է պարսիկ պաշտոնյայի նստավայրի, իսկ արևմտյան մասում կառուցում մեհյան: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ 572թ. հայերը քանդել են մեհյանը և այրել պալատը, 7-րդ դարում մարզպան Սմբատը վերակառուցում է Կաթողիկե տաճարը` հիմնադրելով կաթողիկոսական նոր պալատը, իսկ հինն էլ` հավասարեցնում է հողին որպես պղծված վայր:

Նախնական տեսքով Դվինի կաթողիկոսական պալատը հավանաբար պահպանվել է մինչև 893թ. ավերիչ երկրաշարժը, իսկ որոշ ժամանակ անց վերականգնողական աշխատանքներից հետո այն վերածվել է մզկիթի: Հայտնաբերված ճարտարապետական տարրերից պարզ է դառնում, որ շինարարական աշխատանքներ այստեղ իրականացվել են նաև ուշ միջնադարում: Ինչպես նշեցինք Դվինը ոչ միայն վարչա-քաղաքական, այլև նշանավոր հոգևոր կենտրոն է եղել: Այն 475-914 թթ. /որոշ տվյալներով 918թ. /եղել է կաթողիկոսական նստավայր: 1937-39 թթ. պրոֆեսոր Ս. Տեր_Ավետիսյանի ղեկավարությամբ պեղվել է միանավ կաթողիկոսական պալատը: Պեղումների ընթացքում պարզվել է, որ պահպանվել են հիմքերը, պատերի շարվածքի չնչին մասը, ինչպես նաև հինգ խարիսխները: Հայտնաբերվել են ինչպես մեհյանի մնացորդները, այնպես էլ սյունազարդ, թաղակապ շենքը, որի կենտրոնում բարձր հարթակի վրա է եղել ատրուշանը: 1946թ. կանոնավոր բնույթ կրող հնագիտական աշխատանքների ընթացքում պեղվել է կենտրոնական թաղը, որտեղ էլ եղել է Հայոց կաթողիկոսարանն իր եկեղեցիներով, վեհարանով և օժանդակ շինություններով:

Հիմնական գրականություն-
Կ. Ղաֆադարյան,Դվին քաղաքի պեղումները, Երևան, 1952
Ա. Քալանթարյան, Դվին, Երևան, 1988
Ա. Զարյան,Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության,Երևան, 1986
Ակնարկ Հայ Ճարտարապետության պատմության, Երևան, 1964