ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՔՈԲԱՅՐ /ՔՈԲԵՐ/ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.4.1.7)

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՔՈԲԱՅՐ /ՔՈԲԵՐ/ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.4.1.7)

2017-10-03T09:38:05+00:00 19/08/2015|Լոռի, Լոռի Հուշարձաններ|

Ք. Թումանյան, Քոբեր բնակավայր)

Քոբայր վանական համալիրը գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Թեք և անսովոր տեղանքի շնորհիվ (ինչպես՝ Հոռոմայրում, Բարձրաքաշում և այլն) վանական համալիրը ձեռք է բերել անառիկ դիրք: Սրբավայրի կառույցներն ունեն իրենց ճարտարապետական ուրույն ոճը` հարմարեցված բնական բարդ տեղանքին: Դեռ վաղ ժամանակներից բարձրադիր և անառիկ վայրերը ընտրվել են որպես սրբատեղիներ, ինչպես նաևկառուցվել են պաշտպանական դիտակետ-ամրոցատեղիներ:

Քոբեր վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի նշանավոր գործերից է: Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները:

Կառույցների պատերը հիմնականում սրբատաշ են, տեղ-տեղ հանդիպում ենք նաև բազալտե խոշոր կիսամշակ քարերի, որոնք միմյանց հետ կապակցված են ամրակուռ կրաշաղախով:

Գլխավոր եկեղեցու հիմքում առկա է կիկլոպյան կառույցներին հատուկ շարվածք, վերին շերտում այն վեր է ածվում մի մեծ հարթակի (այժմ ընթանում են հարթակի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ), որի վրա կառուցված է համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին աչքի է ընկնում իր շքեղությամբ ու ինքնատիպ որմնանկարներով, որոնք վերանորոգվել ու նկարազարդվել են ավելի ուշ շրջանում (վերջերս կատարվել են նաև որմնանկարների պահպանման ու ամրակայման աշխատանքներ): Գլխավոր եկեղեցու ճակատային մասում նկատելի է հյուսկենազարդ խաչ:

Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետից բացի Քոբերը հանդիսացել է հոգևոր, մշակութային ու գիտակրթական հայտնի կենտրոն:Այստեղ իրենց գործունեությունն են ծավալել հոգևոր հայրեր Հովհան Իմաստասեր Օձնեցի հայրապետը, Դիոսկրոս Սանահնեցին, Կիրակոս Գանձակեցին, Սամվել Անեցին, Գրիգոր Տուտեորդին, Դավիթ և Սամվել Քոբայրեցիները, Հակոբ, Անանիա, Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Մագիստրոսը և այլք:

Տարածքը եզրագծող ժայռերում առկա են անմատչելի խորշեր, պատսպարաններ ու քարանձավներ, որոնց մի մասը ամրացված են եղել որմնաշարերով և ծառայել որպես ճգնատեղիներ: Հուշարձանախմբի հարևանությամբ, հատկապես իր մեծությամբ ու տեղանքի բարդ պայմաններով, աչքի է ընկնում «Սղնախ» կոչվող հսկա քարանձավը, որտեղից հոսող ջրերն հիասքանչ տեսք են հաղորդում բնապատկերին:

Քոբեր-Քոբայր տեղանվան ստուգաբանությունը դեռևս բացատրության կարիք ունի: Ժողովրդի շրջանում այն մեկնվում է որպես «Այրիվանք», «այր, քարանձավ»: Նրա վերաբերյալ կա մի ավանդազրույց ևս, որը բացատրվում է հետևյալ կերպ, թե սրբավայրը կռվախնձոր է հանդիսացել և, ժամանակ առ ժամանակ վիճարկելիս, արտահայտվել է հետևյալ միտքը` «Սա, քո բերդն է՞, թե՝ ո՞ւմ»: Ահա այսպիսի ուշագրավ բացատրություններով է հայտնի վանական համալիրը:

Քոբերում են ամփոփված Զաքարյանների տոհմի Զաքարեի որդի Շահնշահի, Գեորգիի, «Մխարգրձելի» (երկայնաբազուկ) և հոգևոր ու աշխարհիկ այլ նշանավոր գործիչների շիրիմները:

Տեղանքի աշխարհագրական բարդ դիրքի պատճառով հուշարձանախումբ կարելի է այցելել «Քոբեր» երկաթուղային կայարանից, ինչպես ոտքով (մի նեղլիկ արահետով) այնպես էլ փոքր մարդատար ավտոմեքենայով` Թումանյան քաղաք մտնող ճանապարհի հանդիպակաց կողմից:

Վանք-ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ կա տարակարծություն:
Կյուրիկե Բագրատունու դուստր Մարիամը, վանքի գլխավոր կառույցի մեծ ու շքեղ դահլիճի հարևանությամբ պատվիրել է կառուցել մի փոքր մատուռ-դամբարան (ԹՈՒ Ոի):

«Մարիամաշեն» (1171թ.) մատուռը կառուցված է մեկ այլ կառույցի որմնաքարերով, առանց կրաշաղախի: Մատուռի որմնաշարերի մեջ առկա են վիմագիր արձանագրություն պարունակող քարեր, որոնք տեղադրված են ցաք ու ցրիվ, գլխիվայր ու կողքի պառկած վիճակով:

Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու գլխավոր կառույցն աչքի է ընկնում իր ճարտարապետական յուրօրինակ ոճով ու շքեղությամբ և ոչ մի աղերս չունի «Մարիամաշեն» մատուռի անշուք կառուցվածքի հետ, այնպես որ, մատուռի թվագրումը չի կարող վերագրվել գլխավոր կառույցին ու ողջ համալիրին:

Գլխավոր եկեղեցին (որի արևելյան կողմը հպված է կիրճի եզրին) երկայնական ձգված միանավ դահլիճ է (10,40×8,50մ), ծածկված` թաղակիր կամարներով ու կիսագլանաձև թաղով: Ունի հարուստ եզրակալներով 2 մուտք. գլխավորը հյուսիսայինն է, որ բացվում է դեպի արտաքին սրահ (ավերված է): Մյուսը բացվում է արևմուտքից` հանդիպակած ժայռից ունի 1,5 – 2 մ հեռավորություն: Խորանն ունի երկու շարքերում տեղադրված հինգ պատուհան (3-ը ստորին շարքում), որոնց 2 կողմերում եռանկյունաձև կտրվածքով 1-ական խորշեր են: Հյուսիսային պատի եզրային որմնակամարների միջկամարային բացվածքներում եղել են նեղ պատուհաններ, որոնք ներկայումս փակված են: Գմբեթարդի հարավային քանդված մասից երևում է, որ ավելորդ լիցքից խուսափելու նպատակով արևելյան պատի անկյունները թողնվել են դատարկ: Եկեղեցին պսակված է հյուսվածքազարդերով պատած գոգավոր բարձր քիվով: Արևելյան պատը կանգուն է ողջ բարձրությամբ, ավարտվում է երկկողմանի մեծ թեքության վերնամասով, որի վրա պահպանվում են քիվը և կարմրավուն ֆելզիտից ծածկասալեր: Այդ ճակատում աչքի են ընկնում ճարտարապետական տարրերով, զարդաքանդակներով և վարդյակներով զուգորդված պատուհանների շքեղ պարակալները, բարձրության մեծ մասը բռնող հյուսկեն խաչը և ողջ վերասլաց ճակտոնը: Պահպանված որմնանկարների մնացորդները մեկ անգամ ևս վկայում են դրանց բարձր արվեստի և նրբագեղության մասին: Խորանի որմնանկարները կազմում են 3 շարք, որոնցից վերինում (գմբեթարդի վրա) պատկերված է Աստվածամայրը մանուկ Քրիստոսի հետ, որի 2 կողմում հրեշտակապետերն են, միջինում` հաղորդության տեսարան, իսկ ստորինում` սրբերի ֆիգուրներ են: Շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով: Բեմի պատերին ներկայացված են եղել մարգարեների կերպարները, որոնցից համեմատաբար լավ վիճակում է Եղիայի պատկերը հյուսիսային պատի վրա:

Եկեղեցուն հյուսիսից կից է, Մատուռ ավանդատունը (XIII դ.), որն ունի քառակուսի համաչափություններ, ծածկված է սալաձև թաղով: Մուտքը արևմուտքից է` պատած նրբահյուս պարակալով: Հյուսիսային և արևմտյան պատերին պատկերված է Աստվածամայրը, ինչպես նաև այլ որմնանկարներ:

Բաց սրահ (XII-XIII դդ.): Հյուսիսից մեծ եկեղեցուն, մատուռ-ավանդատան հետ միաժամանակ, կցվել է նաև բաց սրահ, որից պահպանվել են եկեղեցուն կից որմնակամարը, 3 անկյունների որմնամույթերը, հյուսիս-արևմտյան մույթը և հյուսիսային կողմի միջանկյալ 2 սյուների ութանկյուն խարիսխները: Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր: Հատակը ծածկված է տապանաքարերով:

Զանգակատուն-տապանատունը (XIII դ.) գտնվում է մեծ եկեղեցու հյուսիսային մասում` ավելի բարձր տեղադրությամբ: Մուտքը եզերված է եռաշարք պարակալով, իսկ հարավային պատուհանը` ռոմբահյուս զարդաքանդակներով: Հարավային պատուհանի արևելյան կողմում քանդակված է արևային ժամացույց: Զանգակատան գմբեթը վերականգնվել է 2012-2014թթ.: Կառույցն իր տիպով դասվում է հազվագյուտ շինությունների շարքին. առանձնահատուկ է զանգակատան և տապանատան միատեղումը:

Վանքի սեղանատունը (XIII դ.) գտնվում է մեծ եկեղեցու հյուսիսարևմտյան բարձրադիր մասում` զանգակատուն-տապանատնից ընդամենը 2,5 մ հեռավորությամբ, գրեթե հյուսիս-հարավ դիրքով:

Սրահավոր եկեղեցին (XIII դ.) կից է պարիսպին, որի մնացորդները գտնվում են տարածքի հյուսիսային և հյուսիսարևելյան մասերում: Դրանք ունեն 4-5 մ բարձրություն և 1 մ հաստություն, կառուցված են անմշակ ու կոպտատաշ բազալտե քարերով: Գլխավոր մուտքը հյուսիսից է: Այն կամարակապ սրահավոր բացվածք է` 2,5 մ լայնությամբ, որի 2 կողմում բարձրանում են 3-4 գլանաձև աշտարակներ: Սրահի արևմտյան պատում թողնված է մուտք, որտեղից աստիճանները տանում են դեպի աշտարակ:

Աստվածածին եկեղեցի (Չիթախանց վանք, XIII դ.): Հուշարձանախմբից դեպի հարավ-արևելք՝ մոտ 0,5 կմ հեռավորությամբ, ձորալանջի հարթակի վրա գտնվում է ոչ մեծ եկեղեցի: Միանավ ուղղանկյուն դահլիճ է, ծածկված կիսագլանաձև թաղով` վերցված երկլանջ կտուրի տակ: Հատկանշական է այն, որ եկեղեցին ունի ստորգետնյա տոհմական դամբարան: Այն կրկնահարկ է և դամբարան-եկեղեցիների մեջ համարվում է յուրահատուկ նմուշ: Ներքին հարկի մուտքն արևելքից է, գետնի մակարդակից ցածր, ուր իջնում են աստիճաններով (այժմ մուտքն ու ներքնահարկը լցված են հողով:

Ծանոթություն
Մխարգրձել ի – Զաքարյաններ, Արղության – Երկայնաբազուկներ:
Սերում են Արծրունիների իշխանական տոհմից: Զաքարիան եւ նրա որդի Սարգիսը (Սարգիս Մեծ, տես՝ ՀՍ Հանրագիտ. հ. 2-րդ էջ-87 եւ հ. -3-րդ էջ-676), 1118թ.-ին դարձել են վրաց Դավիթ Շինարար թագավորի վասալները և ստացել «Մխարգրձելի » (Երկայնաբազուկ) անունը, ինչպես՝ рус. Долгоруки 1157г. արաբ.` Արղության) :

Օգտագործված գրականություն
1. Շախկյան Գ., Լոռի: Պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության
գիտաշխատող Հրաչիկ Մարուքյան