ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԴՐԱՄՆԵՐ, ՃԱՐՄԱՆԴՆԵՐ, ԶԱՆԳԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԴՐԱՄՆԵՐ, ՃԱՐՄԱՆԴՆԵՐ, ԶԱՆԳԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

2018-03-29T15:55:51+00:00 February 26th, 2016|Արմավիր, Լրահոս, Հուշարձաններ|

Hushardzan.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում /պետ. ցուցիչ՝ 3.71.1/ Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել և ոստիկանության բաժանմունք բերման էին ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք:

Փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: Գանաձագողություն կատարած Էդուարդ Վարդանյանը և Միսաք Սիմոնյանը ստորագրությամբ բաց են թողնվել: Սակայն, մինչ այդ վերջիններս իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանի փոխանցմամբ, վերոնշյալ երիտասարդները քանդել են ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արևմտյան ամրոցի վերևի շերտը: Նրանք յուրացրել են ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութերի խումբ. ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ, ինչպես նաև միջնադարյան /12-13 դդ./ ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտրտանքներ և այլն: Ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակտներ են:

Գանձագողերի կողմից մատնանշված հատվածը ժամանակին ուսումնասիրել և պեղել է հնագետ Հարություն Մարտիրոսյանը, սակայն, կան նաև չհետազոտված տարածքներ:

Ի. Կարապետյանը չբացառեց նաև, որ նախաքննության ընթացքում գանձագողերը հնարավոր է այլ արժեքներ ևս հետ վերադարձնեն:

Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը /կառուցված մ.թ.ա. 776 թ./ հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: