(Русский) СРОЧНЫЕ ВОЕННОСЛУЖАЩИЕ ОБНАРУЖИЛИ В АРЦАХЕ 5 АРТЕФАКТОВ

(Русский) СРОЧНЫЕ ВОЕННОСЛУЖАЩИЕ ОБНАРУЖИЛИ В АРЦАХЕ 5 АРТЕФАКТОВ

2016-07-11T15:34:14+00:00 16/05/2016|Recent News|

XVI-XIX դդ Արցախում կառուցված հուշարձաններից գմբեթավոր են ընդամենը ինը եկեղեցի, որոնցից հինգը Շուշիում են: Դրանցից մեկը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այն կառուցելիս ղարաբաղցի շինարարները օգտագործել են հայկական ճարտարապետության հին ավանդույթները և վերադարձել գմբեթավոր կառույցների տիպին, որն ամենատարածվածն էր հայկական ճարտարապետության նախորդ շրջաններում՝ VI-VII և IX-XIV դարերում: Ղազանչեցոց եկեղեցին այն ինը կառույցներից մեկն է, որն ի ցույց դրեց հայ վարպետների ճարտարապետական գլուխգործոցներ ստեղծելու տաղանդը:

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչը Շուշիի պարծանքն է, որն այնքան ներդաշնակ է տեղանքին ու շրջակա միջավայրին: Քաղաքի ուղիղ կենտրոնում կառուցված եկեղեցին զգալիորեն բարձր է բոլոր շենքերից և շրջապատի կանաչապատ բլուրների համայնապատկերին կարծես իշխում է ոչ միայն սարահարթին, այլև Կարկառի ընդարձակ հովտին: Ղազանչեցոց եկեղեցու հատակագծային և ծավալատարածական լուծումը որոշակի ընդհանրություն ունի Էջմիածնի Մայր տաճարի հետ: Եկեղեցին կառուցելու ընթացքում, տաճարի հատակը մաքրելիս, բացվել է մի կարևոր արձանագրություն, ինչը վկայում է, որ եկեղեցին կառուցել են հայ վարպետը և ճարտարապետը: Հենց այդ արձանագրության շնորհիվ էր, որ XIX դարի հայ շինարար վարպետների և ճարտարապետների ցուցակում ավելացավ ևս երկու պայծառ անուն:

Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Շուշիի կենտրոնում՝ իբրև ճերմակ հագած պահապան հրեշտակ, Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:

Եկեղեցուց փոքր ինչ հեռու տեղադրված եռահարկ զանգակատան քարաշեն շղթան հայ քանդակագործական արվեստի գեղեցիկ նմուշ է: Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝ գմբեթը, զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար աղքատիկ ճարտարապետական արժեքներով: Դրա համար էլ այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, փառահեղ տաճար:

Արցախյան պատերազմը նոր էջ գրեց ոչ միայն հայկական ազատագրական պայքարի, այլև Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: Պատմական բազում անցուդարձերի անխոս վկան, որ ունի նաև ռազմական կարևոր նշանակություն, չէր կարող անմասն մնալ Շուշիի ազատագրման ճակատագրական պայքարից՝ սկզբում որպես «գերի», ապա իբրև «նվիրյալ կամավոր», չէ որ այդ պայքարից էր կախված նաև իր գոյությունը:

Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Երբ անհավանական թվացող ռազմական գործողության շնորհիվ ազատագրվեց հնամյա, տանջահար ու վիրավոր Շուշին՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը, և մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերն ու կամարներն ի վեր:

Եթե որևէ մեկը տեսել է այն հայտնի կադրերը, երբ Շուշին ազատագրելուց հետո ազատամարտիկները՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ինչպես են մտնում ավերված Ղազանչեցոց եկեղեցի ու նրանցից մեկն՝ անգամ ծնկաչոք հեկեկում է, ապա եկեղեցու մեծության վերաբերյալ ոչ մի բացատրության կարիք չի լինի … Ղազանչեցոց եկեղեցին ոչ միայն քրիստոնեական հավատի մեր լուսավոր վկան է, այլև ազատագրական պայքարի հպարտ զինվորը:

Սա այն աղոթավայրն է, որտեղ շուշեցիները առանց սրտի տրոփյունի չեն կարող ոտք դնել: Եկեղեցին վերջանականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին, սակայն եկեղեցու վրա դեռևս կան ականների հետքերը, որոնք վկայում են ավերածությունների, ռմբակոծությունների ծանր ու դժվարին օրերի մասին:

Խոսել Ղազանչեցոց եկեղեցու մասին և չհիշատակել 2008 թ. հոկտեմբերի 16-ին բարերար Լևոն Հայրապետյանի նախաձառնությամբ տեղի ունեցած մեծ հարսանիքը, անհնար է: Հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդ զույգերի մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Ով գիտի, թե էլ ինչ անցուդարձերի ու պատմական ինչպիսի իրողությունների վկան է լինելու Ղազանչեցոց եկեղեցին, մի բան հստակ է՝ հայկական ճարտարապետական արվեստի ճերմակազգեստ գեղեցկուհին ոչ միայն հայի անկոտրում հավատի, այլև Արցախի հպարտ ու անվախ պաշտպանի խորհրդանիշն է այսուհետ: