«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՆԱԽԱԳԻԾ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՆԱԽԱԳԻԾ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

2018-12-04T14:43:32+00:00 December 4th, 2018|Լրահոս|

«Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի իրականացրած  հետազոտությունների  արդյունքում զբոսաշրջության ու  մշակույթի  ոլորտների զարգացման ծրագրեր կիրականացվեն  հանրապետության  երեք`  Գեղարքունիքի,  Շիրակի և Կոտայքի մարզերում: Ֆինանսավորման նպատակով «Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլը  դիմել է  Եվրամիությանը: Նախատեսվում է մշակույթի ոլորտում մեդիա նախագծեր իրականացնել  մի շարք թանգարաններում: Կառույցի գործընկեր` «Թանգարանների աշխատողների և  բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն, «Թանգարանային կրթության կենտրոն»-ի համակարգող  Հայկ  Մկրտչյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի ծրագրերի մենեջեր Արշալույս Մուրադյանը  և  «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում էին:

Կազմակերպության մասնաճյուղերից ընտրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, որտեղ նախատեսվում է մուլտիմեդիա նախագիծ իրականացնել: Մասնավորապես ՊՈԱԿ-ի տնօրինության առաջարկով մուլտիմեդիա նախագծում կընդգրկվեն  այցելուներին քիչ հայտնի ենթահուշարձանները: Յուրօրինակ մոտեցմամբ` աուդիո և վիդեո տարբերակներով  դրանք կներկայացվեն  զբոսաշրջիկներին, կարող է կազմակերպվել նաև ժամանակավոր շրջիկ ցուցադրություն:

«Նախաձեռնության նպատակը հուշարձանի հանրահռչակումն է` հետևաբար հետաքրքիր ու մատչելի ներկայացվող նյութը միանգամից կգրավի այցելուին: Զբոսաշրջիկները ցավոք քիչ  են տեղեկացված  արգելոց-թանգարանի ամենագեղեցիկ ենթահուշարձաններից`ուրարտական արձանագրությամբ Վիշապաքարի, արգելոցի մուտքի մոտ տեղադրված Տրդատ Ա արքայի հունարեն արձանագրության, ինչպես նաև` Գառնի տաճարի մոտ գտնվող Ս. Սիոն եկեղեցու մասին: Կարծում եմ այդ ենթահուշարձանները կարող են ընդգրկվել մուլտիմեդիոն ծրագրում», – ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Թանգարանների աշխատողների և  բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն Հայկ Մկրտչյանի խոսքով նախագիծը  խոստանում  է  լինել  տպավորիչ: «Գառնի» արգելոց-թանգարանի այցելուները մոտ ապագայում  արդեն հնարավորություն կունենան արքունական բաղնիքում էքսկուրսիան մեկտեղել մուլտիմեդիոն  ներկայացմամբ` տեսնել  խճանկարը, լսել  ջրի ձայնը և այլն:  Յուրօրինակ  մոտեցում կցուցաբերվի նաև մյուս հուշարձանների նկատմամբ:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը առաջարկությունների փաթեթը կամբողջացնի և արդեն գալիք տարվա հունվարին կներկայացնի  «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ում նախանշված եռօրյա սեմինարի ընթացքում: Միացյալ նահագներից ժամանած մասնագետների հետ քննարկումների ու խորհրդատվությունների արդյունքում վերջնական տարբերակի հիման վրա ծրագիրը կներկայացվի Եվրամիություն` դրամաշնորհի  համար: