ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

2012-02-20T10:00:35+00:00 February 1st, 2012|Հուշարձաններ|

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ
Արարատի մարզ
գ. Լուսաշող,
պետ. ցուցիչ N 3.48.14.1

Միջնադարյան հայկական ճարտարա-
պետական այս համալիրը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիսարևելք, ՈՒրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Համաձայն վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկի, այն հիմնել են Օրբելյանները  XIV դ. սկզբներին` որպես իրենց տոհմի գերեզմանատուն:

Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), ժամատնից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.):

Ս. Աստվածածին Սպիտակավոր եկեղեցի – ըստ եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության  կառուցել է Բուտ ճարտարապետը 1301 թ.` Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի, Ջալալ իշխանի կին Գոմցայի պատվերով:  Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, խորանի 2 կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձև ծածկով: Արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վերև բարձրարվեստ բարձրաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է: Եկեղեցու ներսում ընկած  մի մեծ քարի վրա` Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է, թևատարած արծիվը` խոյը ճանկերում բռնած:

Ժամատուն– կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցուց հարավարևմուտք: Թվագրվում է XIV դ.: Այն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է (այժմ` քանդված):

Երկհարկ եկեղեցի-դամբարան– կից է ժամատանը արևմտյան կողմից: Ավերված է զանգակատան ռոտոնդան:

Միաբանության շենքեր – կառուցված են վանքի պարսպին կից: Թվագրվում են 1896 թ.:

Պարիսպ – շրջափակում է վանքի հուշարձանները: Այն ուղղանկյուն է և կառուցվել է 1897 թ.:

Վանական համալիրըունեցել է իր առանձին ջրմուղը` կավե թրծված խողովակներով, որոնք ձգվում էին մինչև ջրամբար:

Վանքի գերեզմանոցում պահպանվել են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:

Հուշարձանախումբը գրականության մեջ սակավ ուսումնասիրվածներից է: Այն քիչ թե շատ ուսումնասիրել է Հ. Եղիազարյանը` իր «Հովհաննու Կարապետի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները» հոդվածում  («Էջմիածին», 1962, N1):