ՊՈԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ՊՈԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

2015-09-18T11:19:46+00:00 16/09/2015|Լրահոս|

Օրերս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը մասնակցել է Բրիտանական թանգարանի ու գործընկերների կողմից Անգլիայում և Շոտլանդիայում անցկացված միջազգային վերապատրաստման վեցշաբաթյա դասընթացին:

Ծրագիրն անցկացվում է արդեն տասներորդ տարին, որին Հայաստանը մասնակցում է անցած տարվանից` Դ. Պողոսյանի ներկայացրած հայտի հիման վրա: Տարբեր երկրներից ընտրված մասնագետները հնարավորություն են ունենում մասնակցելու սեմինարների, թանգարանների տարածքներում կազմակերպված քննարկումների, դասախոսությունների և պրակտիկ աշխատանքների: Արդյունքում մասնակիցները ներկայացնում են Բրիտանական թանգարանի հավաքածուներից ընտրված առարկաների հիման վրա ստեղծված ցուցահանդես-նախագծեր:

Այս տարի ծրագրին մասնակցել է 14 երկրի / Չինաստան, Մալազիա, Հնդկաստան, Պակիստան, Տաջիկստան, Իրան, Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Եգիպտոս, Պաղեստին, Իրաք, Սաուդիան Արաբիա, Սուդան/ 24 մասնագետ: Հայաստանը ներկայացրած Դավիթ Պողոսյանը հանդես է եկել ՊՈԱԿ-ի գործունեության և հայակական թանգարանային ոլորտի կադրերի պատրաստման վերաբերյալ զեկույցով: ՊՈԱԿ-ի փորձագետը ակտիվ մասնակցել է բոլոր քննարկումներին և միջոցառումներին, հանդիպել թանգարանային և ժառանգության ոլորտի տարբեր մասնագետների հետ, ձեռք բերել մասնագիտական գրականություն և այլ նյութեր:

Ծրագրի ավարտին ներկայացված ցուցահանդես-նախագիծը հիմնված է եղել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահպանվող գորտակերպ կշռաքար-հմայիլի (16-րդ դ. Ք. Ա.) և Բրիտանական թանգարանի ֆոնդերում պահվող նմանատիպ արժեքների համադրման և «երկխոսության» վրա: Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ Մեծամորի կշռաքար-հմայիլը և դրա հետ կապված ուսումնասիրությունները նոր տեղեկություններ են տալիս` Բրիտանական թանգարանի կողմից ժամանակին ձեռք բերված, բայց քիչ ուսումնասիրված համանման արտեֆակտերի վերաբերյալ: Հայաստանի մասնակցության հովանավորութունը ստանձնած «Դրեզդենի պետական արվեստի հավաքածուներ» ժառանգության կենտրոնի ներկայացուցիչը տեղում ծանոթացել է հայկական տաղավարի ցուցադրությանը: Հատկանշական է, որ արդեն իսկ կան հրավերներ, որոնք վկայում են Բրիտանական թանգարանի սույն ծրագրի շրջանակներում և Դրեզդենում աշխատանքները շարունակելու շահագրգռվածության մասին:

Ծրագրին մասնակցության արդյունքում բազմակողմանի փորձից բացի, ձեռք են բերվել մասնագիտական նյութեր, որոնց օգտագործման նախադրյալները կան ժառանգության պահպանության ոլորտում, մասնավորապես ՊՈԱԿ-ի տեղական և միջազգային գործունեության պրակտիկայում: