Հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքից մոտ 2 կմ հյուսիս-արևելք սփռված սարահարթում բարձրացող բլրի վրա: Պահպանվել են տարբեր չափերի քարահողային լիցք ունեցող Ք.ա. 2-1 հազարամյակներին վերաբերող դամբարաններ, որոնք հատկանշվում են ծածկասալերով և շրջագծի քարերի բոլորաձև շարվածքով:
Դամբարանադաշտի տարածքում կենտրոնական դիրք է գրավում բլրի մերձգագաթային մասում` մացառուտների հարևանությամբ գտնվող մի ժայռաբեկոր` մշակվածության պարզորոշ հետքերով, հավանաբար այն ծառայել է որպես զոհասեղան: Ժայռաբեկորի վերին մակերեսի հարթությունում տեսնում ենք շուրջ 1մ տրամագծով, ընդհանուր հարթությունից 20-25սմ վեր բարձրացող կլոր ելուստ` ակոսով (առվակով) երիզված:
Նույն ակոսը այնուհետև շարունակվում և միանում է արևելյան կողմում գտնվող սանդաձև փոսիկին, ապա 2-3մ ընթանում դեպի հարավ: Ամենայն հավանականությամբ զոհասեղանը ունեցել է մոգական, ծիսական պաշտամունքային նշանակություն: Տարածքում կարելի է հանդիպել Ք. ա. 2-րդ հազարամյակին վերաբերվող խեցեղենի բեկորների և օբսիդիանից պատրաստված քարե գործիքների: Հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 1,3 հա հողատարածք: