ՊՏՂՆԱՎԱՆՔ

ՊՏՂՆԱՎԱՆՔ

2013-10-03T10:44:41+00:00 29/08/2012|Կոտայքի Հուշարձաններ|

ՊՏՂՆԱՎԱՆՔ
Կոտայքի մարզ,
գ. Պտղնի,
պետ. ցուցիչ` 6. 54. 5

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Պտղնի գյուղում, հնագիտական ընդարձակ տարածքի կենտրոնում: Կառուցել է իշխան Մանուել Ամատունին VI դ. վերջին – VII դ. սկզբին: Ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է մեծ թվով լայն լուսամուտներով: Ուներ ճոխ ձևավորված երեք մուտքեր` հյուսիսային, հարավային և արևմտյան : Պտղնավանքը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը` հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը` աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:
Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:
Տաճարի սրբատաշ քարերի վրա պահպանվել են վարպետների բազմաթիվ նշաններ:
Պտղնավանքը 1930-40–ական թվականներին պարբերաբար ենթարկվել է մասնակի վերանորոգման:

Հիմնական գրականությունը.

Յ. Թամանյան, Պտղնավանք, Եր., 1986:
Բ. Առաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Եր., 1949:
Ս. Մնացականյան, Պտղնիի տաճարը, ՊԲՀ, 1973, №2: