Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

2014-08-11T16:09:54+00:00 02/06/2014|Արագածոտնի Հուշարձաններ|

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Արագածոտնի մարզ
գ. Գառնահովիտ
պետ. ցուցիչ` 2.29.8

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:

Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:

Ս. Գևորգ եկեղեցին նմանատիպ կառույցներից առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով և մանրամասերի շեշտված յուրօրինակությամբ:

Հիմնական գրականություն

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948, հ. 2:

Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: