ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2014-08-19T16:18:03+00:00 19/08/2014|Արմավիրի Հուշարձաններ|

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արմավիրի մարզ
ք. Էջմիածին
պետ. ցուցիչ՝ 3.2.13.7

 

Ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը հայտնաբերվել է տաճարի տարածքում, 1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ իրականացված պեղումների ժամանակ: Դա որձաքարի մի քառանիստ կոթող է՝ 2,7 մ բարձրությամբ, 0,63 մ լայնությամբ և 0,36 մ հաստությամբ, վերին մասը՝ կիսաշրջանաձև, ներքևի մասը՝ բարակացված, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար: Սեպագիր արձանագրությունը բաղկացած է 47 տողից: Թեև քարը մեջտեղից կոտրված է, դրանից արձանագրությունը չի վնասվել: Խաչիկ Դադյանը գտածոյի լուսանկարը և փորագրանկարը ուղարկել է Ս. Պետերբուրգ՝ Կայսերական հնագիտական հանձնաժողովին, Մոսկվա՝ Մ. Վ. Նիկոլսկուն, և Բեռլին՝ Կ. Լեման-Հաուպտին:

Հայ իրականության մեջ Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը առաջինն ուսումնասիրել և վերծանել է սեպագրագետ, «Բանասեր» հանդեսի խմբագիր Կ. Բասմաջյանը և հրապարակել «Արարատ» ամսագրում: Այն ուսումնասիրել են նաև Հ. Սանտալճյանը, Վ. Ս. Գոլինիշչևը, Գ. Ա. Մելիքիշվիլին, Ն. Հարությունյանը, Մ. Սալվինին և այլք:

1936 թ. արձանագրությունը տեղափոխվել է Հռիփսիմեի վանք, ապա վերադարձվել Զվարթնոց և այժմ տեղադրված է թանգարանի դիմաց՝ պատվանդանի վրա:

Սեպագիր արձանագրության մեջ Խալդի աստծուն ուղղած իր խոսքում Բիայնիլիի արքա, Տուշպա քաղաքի տեր, Արգիշտիի որդի Ռուսա Բ թագավորը նշում է Կուարլինի երկրի անմշակ հովտի, նրա դաշտերի մշակման՝ խաղողի այգիների, նոր ցանքադաշտերի, մրգատու այգիների հիմնման, Իլդարունիա գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնելու, ինչպեսև Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին զոհաբերություններ մատուցելու և սեպագիրը փչացնելու դեպքում նզովքի արժանանալու մասին:

Հիմնական գրականություն

Ղազիյան Ա., Խաչիկ վարդապետ Դադյան, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 1989, N 3:

Բասմաջյան Կ., Զվարթնող եկեղեցու բևեռաձև արձանագրությունը, «Արարատ» ամսագիր, Էջմիածին, 1901, ապրիլ:

Ղաֆադարյան Կ., Զվարթնոց, ՊԲՀ, Երևան, 1959, N 2: