ԴՎԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ԴՎԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Դվին մայրաքաղաքը հիմնադրվել է Հայոց Խոսրով Գ Կոտակ արքայի գահակալության տարիներին (330-338 թթ.): Այն կարճ ժամանակահատվածում դառնում է ոչ միայն Հայաստանի քաղաքական և տնտեսական նշանավոր կենտրոններից մեկը, այլև միջազգային տարանցիկ առևտրի խաչմերուկ: Այս հանգամանքով է առաջին հերթին պայմանավորված եղել արհեստների և առևտրի կտրուկ վերելքը: Արհեստներից հատկապես զարգացած էին դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, խեցեգործությունը և ապակեգործությունը: Վերջինս, անընդհատ կատարելագործվելով, իր զարգացման բարձրակետին է հասել XI-XIII դարերում: Ապակեգործության վերաբերյալ գրավոր վկայություններ մեզ հասել են դեռևս միջնադարյան աղբյուրներից: Այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ քաղաքի արհեստավորները ընդօրինակել և կատարելագործել են հելլենիստական ապակեգործության լավագույն ավանդները: Պեղումների ընթացքում հայտնաբերված հարուստ ապակյա իրերի նմուշները պատրաստված են եղել տարբեր գույնի և որակի բազմերանգ ապակուց, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք ունեցել են տեղական ծագում: Առավել շատ հանդիպել են կանաչ և մուգ կանաչ գույների ապակյա իրեր: Գտնված ապակյա անոթները, ըստ ուսումնասիրողների, պատրաստված են եղել տարբեր եղանակներով. առավել հաճախ հանդիպել են ազատ փչման տարբերակով պատրաստված իրեր: Հատկանշական է այն, որ բարձր ջերմաստիճանում ապակին ձուլել և մամլել են, իսկ առավել ցածր ջերմաստիճանի պայմաններում` ձգել և կտրել: Հայտնաբերվել են լայնափոր, նեղբերան ապակե անոթներ, որոնց մեջ պահվել են գինի, օշարակներ, բուսական և կենդանական յուղեր, ինչպես նաև բաժակներ, թասեր, սրվակներ, լուսամուտի ապակի, ունկ չունեցող մեծ ու փոքր սափորներ, ձիթաճրագներ, կանացի զարդեր: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես այն անոթները, որոնք օգտագործվել են ճաշասեղանի վրա: Ապակյա իրերի ուսումնասիրություններից երևում է, որ նմուշների հիմնական մասը պատրաստված է եղել բնական և բուսական սոդայի կիրառումով` պարունակելով որոշակի տոկոսային հարաբերությամբ ալյումին, իսկ IX-X դդ. ապակիները պարունակել են նաև մանգան: Իր վերելքի շրջանում Դվինի ապակեգործական արտադրանքը ոչնչով չէր զիջում արաբական աշխարհի խոշորագույն կենտրոնների համապատասխան արտադրանքներին: Դվինի կործանումից հետո ապակեգործության ավանդույթները իրենց բնականոն զարգացումն են ապրել լավագույնս շարունակվել են Կիլիկիան Հայաստանի մայրաքաղաք Սիսում:

Օգտագործված գրականություն
1. Ղաֆադարյան Կ., -Դվին քաղաքը և նրա պեղումները, 2-րդ հատոր, Եր.,1982:
2. Քալանթարյան. Ա., Դվին, Եր., 1988:
3. Ջանփոլադյան Հ., Դվինի արհեստագործության շուրջ.9-14-րդ դարեր, Եր.,1982: