ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ՔԱՐԱՅՐ– ԱՂԲՅՈՒՐ XIII-XIV ԴԴ.

ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ՔԱՐԱՅՐ– ԱՂԲՅՈՒՐ XIII-XIV ԴԴ.

Կոտայքի մարզ, պետ.ցուցիչ` 6.34.10

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Կաթնաղբյուր գյուղի արևելյան եզրին: Այն թվագրվում է XIII-XIV դդ.: Պահպանական գոտին զբաղեցնում է 0,26 հեկտար հողատարածք, ծովի մակերևույթից գտնվում է շուրջ 1450 մետր բարձրության վրա:

Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական քարանձավ` 7 x 3 x 2,5 մետր չափսերով: Ներսից բխում է սառնորակ աղբյուր, որը հնուց ի վեր հայտնի է եղել «Կաթնաղբյուր» անվամբ, որից և բնակավայրը ստացել է իր անվանումը:

Քարանձավն ունի աշխարհագրական զուգահեռականին մոտ (արևելքից–արևմուտք ձգվող) ուղղվածություն և առաջացել է բազալտակրաքարային ժայռագոյացության մեջ: Մուտքն ունի աղեղնաձև բացվածք: Հուշարձանը, թե նախկինում և թե մեր ժամանակներում, սրբատեղի է համարվել, իսկ ներսից բխող սառնորակ ջրին տեղացիները հրաշագործ հատկություններ են վերագրել` հատկապես կերակրող մայրերի համար:

Կան ենթադրություններ և գիտական վարկածներ այն մասին, որ հուշարձանը ոչ միայն միջնադարում, այլ նաև դրանից դեռ շատ առաջ տեղաբնիկների համար ծիսապաշտամունքային վայր է եղել: Դա են վկայում 1980 թթ. սկզբներին տարածքից հայտնաբերված վանակատե /օբսիդիան/ քարե գործիքները: