Լեռնակերտ

Լեռնակերտ

2015-08-10T12:50:37+00:00 24/06/2015|Շիրակ, Շիրակի Հուշարձաններ|

Լեռնակերտն Արթիկի տարածաշրջանի գյուղերից է, որը հնում կոչվել է «Շիրվանճուգ» (Շիրվանջուղ, Սիրվանջուղ): Լեռնակերտ գյուղում գտնվող եկեղեցին /պետ. ցուցիչ 7.46.8/ Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի (4-5-րդ.) կառույցներից է: 1893թ. Մառը, Լեռնակերտում տեսնելով հնագույն եկեղեցին, առանձնակի ուշադրություն է դարձնում նրա միանավ բազիլիկ կառուցվածքի վրա, հիմնավորելով այն տեսակետը, որ նեղ և անհամեմատ երկայնական հատակագծով եկեղեցիները, իրենց պարզ ու խաչաձև լուծումներով մշակել ու զարգացրել են հայկական ճարտարապետության թաղածածկ կառուցվածքների հնագույն և հիմնական տիպերը: Եկեղեցու խորանի կամարաղեղը պայտաձև է, իսկ ծածկը` երկլանջ և առանց գմբեթ: Եկեղեցու նեղ ճակատները պսակվում են եռանկյունի ճակտոններով` իրենց թեք և հորիզոնական ատամնավոր քիվերով: Եկեղեցու հյուսիսային պատի վրա երևում են մի քանի հունարեն տառեր, իսկ հարավային կողմում` կա հայերեն արձանագրություն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լեռնակերտի եկեղեցու շենքը հեթանոսական ծագում է ունեցել, քանի որ եկեղեցու հիմքերը դրված են անտաշ հսկայական որձաքարերի վրա և այդ մեծազանգված սև որձաքարերն այսօր էլ երևում են: Եկեղեցու մոտ պահպանվել են նաև 9-10 դարերի մի քանի խաչքարեր:

Օգտագործված գրականություն 1. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.2, Եր., 1948.: 2. Մնացականյան Ստ., Նիկողայոս Մառը և հայկական ճարտարապետությունը, Եր., 1969.: 3. Հարութունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Եր., 1992.: