Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.141
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԳԱԱ ակադեմիկոս.
«Մարդն ինքը բնությունն է, բնությունը` մարդը: Մահ չկա´: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»:
Մ. Սարյան
Մարտիրոս Սարյանը (1880-1972 թթ.) ծնվել է Նոր Նախիջևանում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ և գաղթելով Ղրիմ` մասնակցել են տեղի հայկական գաղթավայրի ձևավորմանը: 1895թ. Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական ուսումնարանը, 1897-1904թթ. սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչություն բաժնում: Առաջին անգամ Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում եղել է 1901թ., իսկ 1902թ.` Անիում: Ճամփորդության ընթացքում ուսումնասիրել է հայոց պատմությունը, մշակույթը, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի և ստեղծագործական ներաշխարհի ձևավորման վրա:
Պայմանականորեն նրա ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինն այն փուլն էր, երբ նա իր յուրօրինակ կտավներով նոր արահետ բացեց հայ գեղանկարչության պատմության մեջ: Ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանի թեմատիկան առավելապես աչքի էր ընկնում հստակ, իրական ըմբռնումների արտացոլմամբ և այդ շարքի գործերից հատկապես առանձնանում էին «Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Փյունիկյան արմավենի» կտավները: Սարյանի կյանքը հատկապես փոթորկվեց Առաջին աշխարհամարտի տարիներին: Մեծ եղեռնի ողբերգական օրերին նա անդամագրվեց հայերին օգնող մոսկովյան կոմիտեին և, Հովհ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի հետ միասին, անուրանալի ջանքեր գործադրեց Արևելյան Հայաստանում ապաստանած փախստականներին գործուն օժանդակություն ցուցաբերելու խնդրում:
1928թ. Փարիզում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը: 1923թ. սկսած ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված դիմանկարներ, բնանկարներ` «Հայաստան», «Լեռներ: Հայաստան», «Եղիշե Չարենց», «Թ. Թորամանյան», «Ս. Մալխասյան»: «Իմ հայրենիքը» նկարաշարի համար 1961թ. Սարյանն արժանացել է Լենինյան մրցանակի:
Մարտիրոս Սարյանի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1986թ. մայիսի 19-ին, իր իսկ անունը կրող փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում:
Հուշարձանի նյութը մարմար է, բարձրությունը` 6 մ: Քանդակագործը Լևոն Թոքմաջյանը, ճարտարապետը` Արթուր Թարխանյանը: