(Русский) ДАВИД АНХАХТ (НЕПОБЕДИМЫЙ)

(Русский) ДАВИД АНХАХТ (НЕПОБЕДИМЫЙ)

2015-11-06T16:05:19+00:00 06/11/2015|Yerevan, Monuments of Yerevan|

Երևան համայնք,պետ. ցուցիչ՝ 1.12.12

V-VI դդ. հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ, հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր:

«Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության»
Դավիթ Անհաղթ

Համաձայն աղբյուրների`Դավիթ Անհաղթը ծնվել է V դ. 70-ական թվականներին, և մահացել է VI դ. կեսերին: Երիտասարդ տարիքում Դավիթ Անհաղթը մեկնել է Հունաստան՝ ուսումը շարունակելու նպատակով: Հաճախել է Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոց: Նրա հայտնի երկերից են «Սահմանք իմաստասիրության» և «Պորփյուրի ներածության վերլուծությունը»: Նա սկզբից իր երկերը գրել է հունարեն, ապա բնագիրը թարգմանվել է հայերեն: Դավիթ Անհաղթը դարձավ հայ իրականության մեջ տրամաբանության, իմացաբանության, բարոյագիտության և փիլիսոփայության հիմնադիրը: Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջինի հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։ Ըստ Դավիթ Անհաղթի` բարին ճշմարտությունից վեր է ու գերազանց, և ամեն մի բարի բան ճշմարտություն չէ, և հարկավոր է բարի գործի համար երբեմն հեռանալ ճշմարտությունից:

Եկեղեցին, բարձր գնահատելով Դավիթ Անհաղթի գիտական պատկառազդու վաստակը, նրան դասել է սրբերի շարքը: Նրա աճյունը տեղափոխվել է հայրենի նահանգ և որպես սուրբ մասունք` մեծ շուքով հուղարկավորվել Մշո Առաքելոց վանքում:

Դավիթ Անհաղթի արձանը տեղադրվել է 1985թ. իր անունը կրող փողոցում` Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Արձանի նյութը բրոնզ է, գրանիտ, բարձրությունը` 3 մ: Քանդակագործն է Սերժ Մեհրաբյանը, ճարտարապետը` Է. Սաֆարյանը: Արձանի աջ կողմում քանդակագործը փորագրել է իր բանաստեղծություններից մի քանիսը, իսկ գրքի վրա փորագրել հետևյալ արտահայտությունը `«Ճանաչիր հոգուդ գանձերը մաքուր…»:

Օգտագործված գրականություն`
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004