ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հայկական լեռնաշխարհի սրբազան լանդշաֆտը.Վիշապի հետքերով» խորագրով ցուցահանդես: Ցուցավահանակների և լուսապատկերային ցուցադրության (սլայդ-շոու) միջոցով այցելուները ծանոթացել են ներկայացված ցուցադրությանը:

Ողջունելով ներկաներին ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը կարևորել է ցուցահանդեսի բացումը, ներկայացրել վիշապաքարերի պատմությունը: Ծավալուն զեկուցումով հանդես է եկել պատմական գիտությունների թեկնածու Ա. Բոբոխյանը, ներկաները բազմաբովանդակ հարցեր են ուղղել նրան: Նրա խոսքով, վիշապաքարերը հայ իրականության մեջ առաջին անգամ ուսումնասիրել է գրող Ատրպետը 1880-ական թվականներին: Վիշապատեսք քարակոթողները Հայկական լեռնաշխարհի բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված կենդանական պատկերագրությամբ օժտված կոթողային հուշարձաններ են, որոնք կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. այդպես կարող էր կոչվել նաև պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` 1.ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ), 2.ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով), 3.ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները): Վիշապաքարերի վրա ի հայտ են գալիս նաև թռչունների, «եռաժանու», «կենաց ծառի» և այլ պատկերներ: Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ հիմնականում մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը, որպես կանոն, նախապես եղել են կանգնած վիճակում: Պետք է նշել, որ վիշապը՝ խաչքարի նման, Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս չի հանդիպում: