Տավուշի մարզ, գյուղ` Հաղարծին, պետ. ցուցիչ 10.42.38
Հաղարծին վանական համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (ներկայիս Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։
Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.):
Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281թ.-ին, սակայն, հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից, հիմք են տալիս ենթադրելու, որ 1281թ.-ի կառույցը՝ որոշ փոփոխություններով, վերականգնվել է: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել են ավերված կառույցի մնացորդները (հավանաբար նախորդ կառույցի գավիթը):
Արևմտյան մասում է գտնվում սեղանատունը, որն ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի շինարարական արձանագրության կառուցվել է 1248թ.-ին: Այն Հայաստանում պահպանված նմանօրինակ երկու կառույցներից մեկն է (մյուսը` Հաղպատում): Հորինվածքով երկարավուն դահլիճ է: Ներսում փոխհատվող կամարների խաղն ու զուսպ սլացքը, երդիկներից սփռվող մեղմ լուսավորությունը ստեղծում են իր պարզության մեջ վեհաշուք ամբողջական կերպար: Ներքին պարագծով ընթացող աստիճան-ցոկոլը, որը ներդաշնակվում է երկայնական պատերի վերևում արված քիվագոտուն, ծառայել է որպես նստարան: Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է: Հաղարծինի սեղանատունը իր ճարտարագիտական լուծումով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան մասում պահպանվել են այլ շինությունների ավերակներ (հավանաբար խոհանոցի, հացատան և այլն):
Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերն առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:
Օգտագործված գրականություն
1. Բ. Առաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, 1949թ.
2. Մ. Հասրաթյան, Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա, 2010 թ.
3. Ի. Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմական հուշարձանները
4. Тер Аветисян, С. В., Заметка о Воскепаре и Киранце. Материалы по истории Грузии и Кавказа, вып., XX, М.-Л., 1948 г.