«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները մայիսյան եռատոնի առիթով, Լանջիկի միջնակարգ դպրոցի տնօրենության հետ համատեղ, մայիսի 9-ին հարգանքի տուրք են մատուցել Լանջիկ գյուղում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը ճանաչողական բաց դաս-զեկույցով խոսել է մայիսյան հաղթանակների մասին՝ շեշտելով Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունն ու հաղթանակի ձեռքբերման մեջ ունեցած հսկայական դերակատարումը:
«Մայիսը հայ ժողովրդի կյանքում փառահեղ հաղթանակների ամիս է: Մեծ հայրենականին մասնակցել են 500 000-ից ավելի հայորդիներ, նրանցից շատերն արիաբար զոհվել են: Հայ քաջորդիների հիշատակին Շիրակի մարզի տարբեր համայնքներում բազմաթիվ հուշարձաններ են կանգնեցվել: Մեր պարտքն է հիշել նրանց», – ասել է Վալերիկ Նազարեթյանը:
Մարզային ծառայության պատասխանատուներն, ուսումնական հաստատությունների և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի հետ համատեղ, մայիսյան տոների նախօրեին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Բանդիվան համայնքի «Սուրբ Աստվածածին», Ջրաձոր համայնքի «Եկեղեցի» հուշարձանների, ինչպես նաև «Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հուշաղբյուրի տարածքներում: