Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գործում է մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծի Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` ներկայիս «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցում:
«Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի վարիչ Արամայիս Աղաբեկյանի խոսքով Տիգրանակերտի տարածքում վերջին տարիներին իրականացված պեղումների արդյունքում հայկական հնագույն քաղաքի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են ի հայտ եկել:
Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա. 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարի պատմական ժամանակաշրջանին վերաբերող մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից ու ապակուց պատրաստված առարկաներ: Թանգարանի հավաքածուում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերի մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին` շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին` տղամարդու դիմապատկեր` հայերեն արձանագրությամբ: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է:
Թանգարանում տեղադրված բազմաթիվ վահանակների միջոցով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով մանրամասն ներկայացված է պեղումների ընթացքը:
Տիգրանակերտի հնագիտական թանգարանում կազմակերպվում են նաև 2006 թվականից սկսված հնագիտական աշխատանքներին վերաբերող քննարկումներ:
Հեղ. Մ. Մակարյան