Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետների պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվել էին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Տնօրենի տեղեկալ Կարեն Փահլևանյանը ողջունելով ուսանողներին ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործունեությունը, խոսել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատանքի մասին։ Նա անդրադարձել է նաև ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող 19․ 000-ից ավելի հուշարձանների հանրահռչակմանը ուղղված միջոցառումներին, պահպանությանը, խնդիրներին:
Կարեն Փահլեւանյանը ողջունելով ապագա պատմաբանների հետաքրքրությունը հուշարձանների պահպանության ոլորտի նկատմամբ նշել է, որ ՊՈԱԿ-ի դռները բաց են և կազմակերպությունը ուրախ կլինի համալրել հուշարձանների պահապանների շարքերը բուհի շրջանավարտներով:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը խոսել է նաև արգելոց-թանգարաններում և արգելոցներում ենթակառուցվածքների զարգացման, հուշարձանների տարածքներում պեղումների իրականացման մասին: Ուսանողներին հետքաքրքրել է իրենց մասնակցության հնարավորությունը մասնավորապես Մեծամոր հնավայրի պեղումներին:
Մեծամոր հնավայրի հայ-լեհական արշավախմբի ղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կ. Փահլեւանյանը խոստացել են կազմակերպել ուսանողների մասնակցությունը պեղումներին:
Ապագա պատմաբանները տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Լիանա Գևորգյանի, գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջել են ՊՈԱԿ-ի՝ անձնական, հնագիտության, մարդաբանության, չափագրությունների և մյուս ֆոնդերում, ծանոթացել՝ փաստավավերագրական նյութերին, անվանի ճարտարապետների ձեռքով արված չափագրություններին ու նախագծերին, եղել՝ վերականգնման լաբորատորիայում:
Առաջիկայում ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետների ուսանողները կայցելեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում արդեն եղել են: