Ավանդապատում․ Կեչառիս վանքի պատումը

Ավանդապատում․ Կեչառիս վանքի պատումը

2023-03-01T15:45:32+00:00 01/03/2023|Լրահոս|

Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում,  կողքին՝  մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց  աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է, բայց  գարնան կատաղի քամին ավերում է  ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում են  կոչել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն:

Կառուցվում է Կեչառիսի վանքը:

Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Վանական համալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ՝. Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այնտեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.):

Շնորհավո՛ր,  գարնան առաջին օրը, թող բուրավետ ծաղիկները տարածված լինեն ամենուր, թող գարունը ավետաբեր լինի, իսկ  տեսարժան վայրերը այցելուններով լեցուն։