ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

2014-07-07T10:21:44+00:00 31/05/2013|Արագածոտնի Հուշարձաններ|

ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Արագածոտնի մարզ
ք. Աշտարակ
պետ. ցուցիչ` 2.1.15

Կարմրավոր Ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով VII դ. կառույց է, որը մեզ է հասել գրեթե անփոփոխ, կանգուն վիճակում: Գմբեթավոր միախորան տիպի է` քառաթև հատակագծով, արևելյան թևում գտնվող միակ խորանով: Կառուցված է դարչնակարմրավուն տուֆից: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են «Քրիստոսը փառքի մեջ» կոմպոզիցիան և Սուրբ հեծյալները` հայերեն մակագրություններով: Դեկորատիվ հարդարանքը զուսպ է` ճարտարապետական կերտվածքին համահունչ: Եկեղեցու ոչ մեծ չափերը (6 x 7,5 մ), հարդարանքի պարզությունը ենթադրում են, որ սա եղել է իշխանական տոհմի դամբարան: Եղել է նաև կուսանաց վանք և գործել մինչև 1813 թ.:

Շրջապատված է սրբատաշ տուֆ քարերով շարված պարիսպներով, որոնք կառուցվել են 1326 թ. Ասնավուր և Ղուտալչաք ամուսինների կողմից: Արձանագրությունը պահպանվել է պարսպի հարավային դռան բարավորին և Աշտարա կքաղաքի Ս. Մարինե եկեղեցու ձախ ավանդատան պատին: Պարիսպները մասնակի նորոգումներով պահպանվել են մինչև մեր օրերը:

Կարմրավորի բակում միջնադարյան գերեզմանոց է` XIII-XVII դդ. խաչքարերով և տապանաքարերով: Ամենահին խաչքարը (1184 թ.) Արքակազմողինն է, ինչից մնացել են միայն պատվանդանը և հինգ տողանոց արձանագրությունը:

1956 թ. իրականացվել են հուշարձանի նորոգման և բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում հեռացվել է եկեղեցուն արևմուտքից կից, արդեն կիսավեր աղոթարանը (ժողովրդանոց): Վերջինս 1860 թ. Կառուցված անարվեստ շինություն էր, որը միայն խաթարում էր միջնադարյան հուշարձանի տեսքը:

Հիմնական գրականություն

Շահազիզ Ե., Աշտարակի պատմությունը, Երևան, 1987:

Մնացականյան Ս., Երևանը և նրա շրջակայքը, Երևան, 1971: