«ԶՈՐԱՎԱՐ» ԵԿԵՂԵՑԻ

«ԶՈՐԱՎԱՐ» ԵԿԵՂԵՑԻ

Կոտայքի մարզ, գ. Զորավան
պետ. ցուցիչ` 6.31.2.1

Գտնվում է գյուղից 1,5 կմ դեպի արևմուտք ընկած գյուղատեղիի հարավային մասում, Եղվարդ քաղաքից 3 կմ հս-արլ: Կառուցել է իշխան, սպարապետ Գրիգոր Մամիկոնյանը 661-685 թթ.: «Զորավար» անունը կապված է սպարապետի անվան հետ, թեև որոշ աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է նաև «Ս. Թեոդորոսի վանք» անվանումով: Կիսավեր վիճակում է: Եկեղեցու հարավային մասը և գմբեթը չեն պահպանվել: Պատկանում է բազմախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին: Կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆով: Ունի ութախորան, կենտրոնագմբեթ, երկաստիճան, բոլորաձև հորինվածք: Ստորին ծավալը արտաքուստ 18-նիստանի է` 8 խոշոր եռանկյունաձև խոր որմնախորշերով: Վերին ծավալը արտաքինից 12-նիստանի թմբուկով գմբեթն է` պսակված կղմինդրածածկ վեղարով: Ունեցել է երկու մուտքեր` հյուսիսային և արևմտյան: Վերջինս դա կապել է ուղղանկյուն դահլիճի տիպի գավթի հետ:

Եկեղեցու հարդարանքի տարրերը` զարդաքանդակ քիվը, նռան քանդակները, երկրաչափական զարդամոտիվներով կամարաղեղները, համապատասխանում են VII դ. II կեսի զարդարվեստի ոճին: Եկեղեցու ներսում պահպանվել են VII դ. որմնանկարչության հետքեր:

1975 թ. Պեղումների ընթացքում, եկեղեցու հյուսիսային կողմում, նրան կից բացվել է VII դ. քառախորան փոքր մատուռը, որը հավանաբար եղել է Գրիգոր Մամիկոնյանի դամբարանը:

Եկեղեցուց մոտ 200 մ հեռավորության վրա կանգնած է XIII դ. միանավ, թաղածածկ կիսավեր մատուռ, որը ենթադրաբար կառուցվել է հնի տեղում:

Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու`«Զորավար» եկեղեցին XII դ. եղել է նաև գրչության կենտրոն: Եկեղեցին մասնակի նորոգվել է 1980-ական թթ.:

:

Հիմնական գրականության

1.Հովհ. Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996:

2.Էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903:

3.Հարությունյան Վ.,Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: