Ծովասարի քարե վկան․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Ծովասարի քարե վկան․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

2023-07-17T17:10:00+00:00 17/07/2023|Լրահոս|

Նկարում Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Համաձայն շինարվեստի և ճարտարապետական հորինվածքի վերլուծության թվագրվում է 9-10-րդ դդ․-ով:

Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել ինչպես Ծովասար գյուղում գտնվող հուշարձանների, այնպես էլ մարզի  Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Արծվանիստ գյուղերի հուշարձանների տարածքներում, լուսանկարել և արձանագրել  ներկա պահպանական վիճակները։

Ըստ  եկեղեցու հարավարևելյան անկյունաքարի վրա պահպանված  արձանագրության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նորոգվել է 1286 թ․։ Այն  կենտրոնագմբեթ, եռախորան կառույց է։ Խաչաթևերն արտաքինից ուղղանկյուն են։ Գմբեթն արտաքինից ութանիստ է, իսկ ներքուստ՝ շրջանաձև։ Կառուցված է կոպտատաշ, գորշ բազալտից՝ կրաշաղաղով, իսկ խաչաթևերի միացման հանգույցները, կամարները և գմբեթը՝ սրբատաշ բազալտից:

Ծովասար գյուղը գտնվում է Գեղամա լեռների հարավային փեշերի հարթավայրային մասում, Ծակքար գետի միջին հոսանքի ափին, Մարտունի քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք, Գավառ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք։ Ծովասարը գյուղը հիմնվել է 1828 թ․ սակայն ունի ավելի հին պատմություն, որի վկայությունը գյուղի վերաբերյալ պահպանված 906 թ․ արձանագրությունն է, ինչպես նաև 9-րդ դարում կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ, 10-րդ դարում կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցիները։