Վերնաշեն գյուղից դեպի հյուսիս, 7 կմ հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի նշանավոր ամրոցներից Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը։
Բոլորաբերդը կառուցվել է V դ․ Սյունյաց իշխանների կողմից: XIII դ․ սկզբին Զաքարյան եղբայրների գլխավորությամբ Հայաստանն ազատագրելուց հետո ամրոցը վերակառուցվել է և դարձել նշանավոր Պռոշյան իշխանական տոհմի ռազմավարչական կենտրոնը, հետագայում նաև նրանց անունով կոչվել «Պռոշաբերդ»։
Ամրոցի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատանքում՝ 451 թ․ Վարդանանց պատերազմի համատեքստում հայկական զորքերի նահանջը նկարագրելիս:
Ամրոցը հատակագծում յոթանիստ բազմանկյուն է, զբաղեցնում է մոտ 1,5 հա տարածություն, կառուցված է կրաշաղախով միացված կոփածո բազալտաշար պարիսպներով և շրջապատված է հինգ ամուր աշտարակներով։ Ամրոցում պահպանվել են տարաբնույթ կառույցների՝ այդ թվում եկեղեցու, զորանոցների, ջրամբարի և իշխանական պալատի կիսավեր մնացորդներ։
Ամրոցի կամարակապ մուտքը հարավ-արևմուտքից է՝ կառուցված սրբատաշ քարերով, ունի 2 մ լայնություն և 6 մ բարձրություն:
Ամրոցի անվան հիշատակությունը պահպանվել է նաև մանրանկարիչ Աբրահամ ծաղկողի կողմից Բոլորաբերդից մոտ 1 կմ արևմուտք գտնվող Բոլորաձորի վանքում (Սպիտակավոր վանք) պատկերազարդված 1475 թ․ Ավետարանի հիշատակարանում:
Գրականություն
- Ազարյան Ա․ 1993, Բոլորաբերդ ամրոցը, Լրաբեր հասարակական գիտությունների, № 2, էջ 133-140։
- Զարեան Ա․ 1995, Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցը, Բազմավէպ, 1-4, էջ 306-331։
- Հակոբյան Թ․, Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ․ 1988, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ․, էջ 361, 722։
- Յովհաննէսեան Մ․ 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 366։
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի Պատմություն, Երևան «Սովետական գրող» հրատ․, էջ 107։