ԼՄԲԱՏԱՎԱՆՔ (Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցի)
Շիրակի մարզ
ք. Արթիկ
պետ. ցուցիչ` 7.2.1
Գտնվում է Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր կառույց է: Ճարտարապետական առանձնահատկություններն են թաղի փոխարեն գմբեթարդով ծածկված հյուսիսային և հարավային ուղղանկյուն թևերը, պայտաձև խորանն ու կամարները: Ծավալային առումով վերասլաց համաչափություններով ճարտարապետական գողտրիկ շինություն է: Կառուցված է արթիկ-տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Պատերին կան XII–XIII դդ. Նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ. Հիշատակվում են Լմբատավանքին նվիրաբերած Ցիցք, Սառնաղբյուր (սրա անունով վանքը կոչվում է նաև Սառնաղբյուրի Ս. Ստեփանոս), Հայրենյայց Թաղք, Յարդիք (ներկայիս Արթիկ քաղաքը) գյուղերը: Ամենավաղ արձանագրությունը Վահրամ Պահլավունի իշխանի որդի Բարսեղի թողած 1191 թ. արձանագրությունն է: Պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ Ավագ խորանի գմբեթարդի և դրան հարող արևելյան պատի վրա: Պատկերված է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը: Պատկերագրման ոճով հայկական մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ նմուշներից է:
1953-1954 թթ. պեղվել է Լմբատավանքի շրջակայքը: Հայտնաբերվել են խաչքարերի պատվանդաններ, IX-X դդ. գերեզմաններ, VII-XIII դդ. Քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ, մետաղյագործիքներ և այլ առարկաներ:
Հուշարձանընորոգվել է X-XIII-րդ դարերում: 1953-1955 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից վերանորոգվել են մասամբ վթարված գմբեթը, խաչաթևերի ծածկերը, քիվերը:
Հիմնական գրականություն
Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975:
Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982: