ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՄՈՐԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՄՈՐԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 27-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Մեծամորի նվիրյալները» խորագրով ցուցահանդես` նվիրված հնավայրի ուսումնասիրմանը իրենց կյանքը նվիրաբերած անձանց: Այն բացվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ի ամյակի միջոցառումների շրջանակում: Ցուցադրվել են 1959-1990-ական թթ. հնավայրում հայտնաբերված հնագիտական առարկաներ, նվիրյալներից` Էմմա Խանզադյանի մենագրությունները, տարբեր տարիների աշխատանքային օրագրեր, Կորյուն Մկրտչյանի եւ Էմմա Խանզադյանի երկարամյա աշխատանքը եւ պեղումների ընթացքը լուսաբանող պարբերական մամուլ, «Մեծամոր» թանգարանի հիմնադրման վերաբերյալ նյութեր, փաստաթղթեր:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը շեշտեց նվիրյալների ավանդը, վստահեցնելով, որ արված աշխատանքները շարունակություն կունենան: Ա. Փիլիպոսյանը փաստեց նաեւ հնավայրի ուսումնասիրման գործում նյութական եւ բարոյական մեծ աջակցություն ցուցաբերած ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի դերը: Աշխատանքներն ընթացել են նույնիսկ 1990-ական թթ. դժվարին տարիներին` մեծապես նպաստելով թանգարանի ցուցադրության համալրմանն ու նորացմանը:

Առաջին հետախուզական պեղումները հնավայրում իրականացրել է հուշարձանների պահպանության ոլորտում մեծ ավանդ ներդրած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը / 1959-1962 թթ./: 1963 թ-ից հնավայրում ուսումնասիրություններ է կատարել երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Կորյուն Մկրտչյանը, 1965-ից` պեղումներն իրականացվել են ՀՍՍՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` հնագետ Էմմա Խանզադյանի գլխավորությամբ:

Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել վաղ բրոնզից մինչ ուշ միջնադարը թվագրվող մշակութային շերտեր:
Բնակատեղիում ենթադրվում է 200-ից ավելի ձուլարանների առկայություն: Մետաղաձուլության ուղղակի նշաններ հայտնաբերվել են մ. թ. ա. II- I հազարամյակների բոլոր մշակութային շերտերում: Մեծ ուշադրության է արժանացել Մեծամորում հնա•ույն «աստղադիտարանի» հնարավոր գոյության մասին վարկածը, որը 1966 թ. առաջ է քաշել Բյուրականի աստղադիտարանի գիտական աշխատող Էլմա Պարսամյանը: Պահպանված երեք դիտահարթակների վրա գտնվել են աստղերի խորհրդանշական պատկերներ, «քարե կողմնացույց», յոթ ժայռափոր աստիճաններ, որոնք, հավանաբար, նույնպես դիտահարթակների դեր են կատարել: 1969 թ. Կ. Մկրտչյանի եւ Է. Խանզադյանի ջանքերով հիմնադրվել է Մեծամորի թանգարանը: Միջոցառմանը երկա էին Կորյուն Մկրտչյանի ընտանիքի անդամները, բարեկամներ: Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս: