ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

2014-08-12T15:35:08+00:00 12/08/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Սյունիքի մարզ
գ. Վաղատին
պետ. ցուցիչ՝ 8.89.5

 

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Թվագրվում է X-XI դդ.: Բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, և կառուցված են տեղական բազալտի քարերով:

Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն եկեղեցին է: Գործել է մինչև վանքային համալիրի հիմնադրումը: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վերակառուցել է Հայր Ստեփանոս ճգնավորը: Միանավ կառույց է, այժմ՝ ավերակ: Վաղ միջնադարում նշանավոր ուխտատեղի էր:

Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսարևելյան կողմում: Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը՝ Շահանդուխտ թագուհին, 1000 թ.: Միանավ, թաղածածկ կառույց է: Արևելյան կողմում կան երկու ավանդատներ: Երրորդ ավանդատունն էլ տեղադրված է հյուսիսային պատի երկայնքով և կազմում է հյուսիսարևելյան ավանդատան շարունակությունը:

Գավիթը կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն արևմտյան կողմից: Թաղածածկ շինություն է, կառուցվել է XI դ. սկզբին:

Սյունասրահը ձգվում է Ս. Ստեփանոս եկեղեցու և գավթի հարավային ճակատների երկայնքով: Թաղածածկ կառույց է՝ հարավային ճակատում մեկ լայն պայտաձև կամարակապ բացվածքով:

Ս. Կարապետ եկեղեցին գտնվում է համալիրի արևելյան մասում, Ս. Ստեփանոս եկեղեցու հարավարևելյան կողմում: Կառուցել է Շահանդուխտ թագուհու որդին՝ իշխան Սևադան, 1007 թ.: Ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կառուցված է սրբատաշ բազալտի քարերով: 1438 թ. վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է եկեղեցու գմբեթը: 1931 թ. երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթն ու ծածկերը:

Եկեղեցու ներսում պահպանվել են որմնանկարի հետքեր, որը վերականգնվել է 2011 թ.՝ բելգիացի Քրիստին Լամուեի և իտալացի մասնագետների կողմից:

Սյունասրահը ձգվում է Ս. Կարապետ եկեղեցու արևմտյան պատի ամբողջ երկայնքով: Կառուցված է եկեղեցուց ուշ: Բաց, կամարակապ կառույց է՝ կենտրոնական մասում երեք մեծ կիսաշրջանաձև կամարներով:

Հյուրատունը և այլ օժանդակ շինությունները գտնվում են համալիրի արևմտյան կողմում: Վերջիններս կառուցել է Շահանդուխտ թագուհին XI դ. սկզբներին: Հյուրատունը կառուցվել է ավելի ուշ՝ 1326 թ.:

Հուշասյունը կանգնեցվել է XI դ., Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսային պատին կից, եռաստիճան պատվանդանի վրա՝ գագաթին, խոյակի վրա դրված խաչարձանով: Քանդվել է 1931 թ. երկրաշարժից:

Պարիսպը շրջափակել է համալիրը արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Հուշարձանների հյուսիսային պատերը վանքի պաշտպանական համակարգի մի մասն են կազմել:

Գերեզմանատունը տարածվում է վանքի պարսպափակ բակում, որտեղ պահպանվել են X-XVI դդ. խաչքարեր ու տապանաքարեր:

Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան:

Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել ծաղկողը և այլք:
Համալիրի նորոգման աշխատանքները սկսվել են 1980-ական թթ. և ավարտվել 2013 թ.:

Հիմնական գրականություն

Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960:

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Երևան, 1960: