ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ

2015-08-14T13:44:55+00:00 13/05/2015|Լոռի, Լոռի Հուշարձաններ|

պետ. ցուցիչ` N 5.17.2.2, գ. Արդվի

«Կարմիր վանք» կոչվող եկեղեցին (X-XI դդ.) գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքում, գյուղ մտնող ճամփեզրի ձախակողմյան, բարձրադիր փոքր հարթակի վրա: Եկեղեցու շրջակայքում տարածվում է հնագույն գերեզմանոցը: Կարմիր վանքի հարևանությամբ է գտնվում նաև վաղ միջնադարյան շրջանի մի քառակող կոթող (բարձ.` 2,2 մ), որը հորինվածքային որոշ նմանություններ ունի Դսեղի քառակող կոթողի հետ:

Եկեղեցին երկլանջ կտուրով միանավ ոչ մեծ դահլիճ է՝ միակ մուտքը հարավից է: Մեր օրեր են հասել տեխնիկապես վտանգված վիճակում: Ծածկը չի պահպանվել, իսկ դեռևս կանգուն մնացած որմնապատերը կիսախարխուլ վիճակում են: Կիսագլանաձև թաղը միջնամասում ուժեղացված է որմնասյուներից բարձրացող թաղակիր կամարներով: Գմբեթարդը կիսաշրջանաձև խորանից սահմանազատված է գոտիով, որը շարունակվում է նաև երկայնական պատերի վրա: Կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի սրբատաշ խոշոր քարերով, որի համար էլ, ստացել է «Կարմիր վանք» անունը: Կառույցն աչքի է ընկնում շարվածքի և քարի մշակման բարձր որակով: Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ չկան: Սակայն, եկեղեցու շրջակայքի հնագույն տապանաքարերը և ոչ հեռու գտնվող քառակող կոթողի առկայությունը հուշում է, որ վանքը կառուցվել է վաղ միջնադարում:

Օգտագործված գրականություն

1. Շախկյան Գառնիկ, Լոռի Պատմության քարակերտ էջերը, Երևան, «Հայաստան», 1986: